Ռուսաստան

Ուկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը

4 րոպեի ընթերցում

Ուկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը

Ուկրաինայի արտգործնախարարությունը պատասխանել է Լիբիային, որը բացատրություններ է պահանջում Բենղազիի նավահանգստում ծովային հեռակառավարվող սարքերով ռուսական նավի վրա հարձակվելու և այն խորտակելու կապակցությամբ։ Կիևը հայտարարել է, որ հարվածներ է հասցնում միայն հակառակորդի օրինական ռազմական թիրախներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը՝ վկայակոչելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գեորգի Տիխիին։

«Ուկրաինան պաշտպանվում է Ռուսաստանի Դաշնության զինված ագրեսիայից։ Մեր գործողություններն ինքնապաշտպանության անքակտելի իրավունքի իրացումն են, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով», - ասել է Տիխին։

Նա պարզաբանել է, որ Ուկրաինան լիակատար իրավունք ունի հարվածներ հասցնելու օրինական ռազմական թիրախներին, որոնց թվում են ռուսական ռազմական նավերը, ռազմական տեխնիկա և ռեսուրսներ տեղափոխող բեռնատար նավերը, ինչպես նաև ստվերային նավատորմի լցանավերը, որոնք ապահովում են Ռուսաստանի ռազմական մեքենայի գործունեությունը։

Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Կիևը ոչ մեկին չի ներքաշում պատերազմի մեջ և այն չի տեղափոխում այլ տարածքներ. երկրի գործողություններն ուղղված են «բացառապես ագրեսորի, այլ ոչ թե երրորդ կողմերի դեմ»։

«Ուկրաինական հարվածները համապատասխանում են միջազգային իրավունքին և միջազգային մարդասիրական իրավունքին։ Մենք հետևում ենք համաչափության սկզբունքին և նվազագույնի ենք հասցնում բոլոր հնարավոր ուղեկցող ռիսկերը», - ընդգծել է պաշտոնյան։

Նոյեմբերի 22-ին Լիբիայի Բենղազիի նավահանգստում ուկրաինական արտադրության ծովային հեռակառավարվող յոթ սարքերով հարձակման էր ենթարկվել ռուսական «Մերկուրի» կորվետը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել էր հարձակումը։

Al Jazeera-ի տվյալներով՝ նավը զենք էր տեղափոխում, իսկ զոհերի թվում կային Լիբիայի և Ռուսաստանի քաղաքացիներ։

«Ինչ վերաբերում է նավահանգիստներում տեղի ունեցած միջադեպերին, ապա այդ հարցով պետք է դիմել Ռուսաստանին, որն իր ռազմական նպատակների համար օգտագործում է երրորդ երկրների քաղաքացիական ենթակառուցվածքները՝ վտանգի ենթարկելով դրանք», - հայտարարել է Տիխին։

«Լիբիայի համար սպառնալիք են ստեղծել հենց ռուսական ռազմական նավերը և զենք տեղափոխող ռուսական նավերը, որոնք պարբերաբար ժամանում են այնտեղ», - հավելել է նա։

Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը նաև նշել է, որ Ուկրաինան հարգում է Լիբիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ընդգծելով, որ Կիևի գործողություններն «ուղղված են Ռուսաստանի զինված ագրեսիային հակազդելուն և նպատակ չունեն վնասելու Լիբիային կամ նրա ժողովրդին»։

Ավելի վաղ Լիբիայի ԱԳՆ-ն դատապարտել էր իր տարածքում և տարածքային ջրերում ցանկացած օտարերկրյա ռազմական գործողություն։ Գերատեսչությունում հայտնել էին, որ սպասում են Կիևից պաշտոնական պարզաբանումների, և խոստացել էին հետաքննության արդյունքներով համապատասխան դիվանագիտական ու իրավական որոշումներ ընդունել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում