Միացյալ Նահանգներ

Կուբան հայտարարել է, որ իր համար նախատեսված շուրջ 7 հազար բեռնարկղ ԱՄՆ-ի պատճառով արգելափակված է

2 րոպեի ընթերցում

Կուբան հայտարարել է, որ իր համար նախատեսված շուրջ 7 հազար բեռնարկղ ԱՄՆ-ի պատճառով արգելափակված է

Կուբայի համար նախատեսված բեռներով լի շուրջ 7 հազար բեռնարկղ շարունակում է մնալ աշխարհի տարբեր երկրներում, քանի որ նավագնացային ընկերությունները մտավախություն ունեն, որ կղզի բեռներ տեղափոխելու համար կենթարկվեն ԱՄՆ պատժամիջոցներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՄԱԿ-ում Կուբայի մշտական ներկայացուցիչ Էռնեստո Սոբերոն Գուսմանը։

«Ամբողջ աշխարհում ունենք շուրջ 7 հազար բեռնարկղ, որոնք սպասում են, որ որևէ նավագնացային ընկերություն դրանք Կուբա տեղափոխի։ Ոչ ոք չի ցանկանում դա անել։ Ընկերությունները մտավախություն ունեն պատժամիջոցներից՝ կապված ԱՄՆ-ի կողմից 2026 թվականի մայիսից սահմանված երկրորդային սահմանափակումների հետ»,- ասել է դիվանագետը։

Սոբերոն Գուսմանի խոսքով՝ ամերիկյան պատժամիջոցները լուրջ ազդեցություն են ունենում Կուբայի բնակչության կյանքի բոլոր ոլորտների վրա։ Հավանայի առանձնահատուկ մտահոգության առարկան առողջապահության ոլորտում ստեղծված իրավիճակն է, որտեղ էլեկտրաէներգիայի և բժշկական պարագաների պակասը, ինչպես պնդում է դիվանագետը, հանգեցնում է մարդկանց, այդ թվում՝ երեխաների մահվան։

Մշտական ներկայացուցիչը նշել է, որ նավթի մատակարարումների սահմանափակումները, զուգորդվելով պատժամիջոցային այլ միջոցների հետ, լրջորեն խոչընդոտում են կղզու սոցիալական ենթակառուցվածքների աշխատանքը։

Դիվանագետն ընդգծել է, որ Հավանան ամերիկյան քաղաքականությունը համարում է քաղաքացիական բնակչության վրա ճնշում գործադրելու անհիմն ձև։ Նրա խոսքով՝ պետությունների միջև քաղաքական կամ գաղափարական տարաձայնությունները չեն կարող արդարացում լինել Կուբայի բնակչության կոլեկտիվ պատժի համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում