Կրետե կղզու մոտակայքում միգրանտներ տեղափոխող նավից հայտնաբերել են 12 զոհվածի մարմին
2 րոպեի ընթերցում

Հունաստանի իշխանությունները նոյեմբերի 9-ի վաղ առավոտյան Կրետե կղզուց հարավ հայտնաբերված՝ միգրանտներ տեղափոխող նավից դուրս են բերել 12 զոհվածի մարմին։ Նույն նավից 18 մարդու փրկել է Մարոկկոյի դրոշի ներքո նավարկող բեռնատար նավը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել է առափնյա պահպանության ծառայությունը։
Մահացած 12 անձանց ինքնության և մահվան հանգամանքների վերաբերյալ առայժմ լրացուցիչ տեղեկություններ չկան։ Հունաստանի առափնյա պահպանության ծառայության տվյալներով՝ նրանց տեղափոխող նավը երկուշաբթի առավոտյան հայտնաբերվել է Կրետե կղզու հարավային ափից շուրջ 28 կմ հեռավորության վրա։
Կրետեից հարավ հայտնաբերվել են նաև երկու այլ նավակներ։ Դրանցից մեկում եղել է շուրջ 47, մյուսում՝ մոտ 40 մարդ։ Առաջին նավակը նկատել է Եվրոպական միության սահմանային գործակալության՝ Frontex-ի օդանավը, իսկ երկրորդը՝ գործակալության անօդաչու թռչող սարքը։
Երկու նավակներում գտնվող բոլոր մարդկանց փրկել են Frontex-ի աշխատակիցները, և նրանց տեղափոխում են Կրետեի հարավային ափի նավահանգիստ։
Հունաստանը Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Ասիայում հակամարտություններից ու աղքատությունից փախչող մարդկանց համար Եվրոպական միություն մուտք գործելու հիմնական ուղիներից մեկն է։ Վերջին ամիսներին հազարավոր մարդիկ Հյուսիսային Աֆրիկայից, հիմնականում՝ Լիբիայից, վտանգավոր ծովային ճանապարհով փորձում են հասնել Կրետե։
Մյուսները Թուրքիայից դեպի Էգեյան ծովի մերձակա հունական կղզիներ են ուղևորվում զգալիորեն ավելի կարճ, բայց հաճախ նույնքան վտանգավոր ճանապարհով՝ փչովի նավակներով կամ այլ փոքր նավերով։
Անցյալ ամիս 12 մարդ, այդ թվում՝ մեկ նորածին, զոհվել էր, երբ Թուրքիայից Լեսբոս և Սամոս կղզիներ ուղևորվող երկու նավակներ շրջվել էին։