Աշխարհ

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք

2 րոպեի ընթերցում

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն շուրջ մեկ տարի արտերկրում գտնվելուց հետո վերադարձել է երկիր։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, մայրաքաղաք Կարակասում նրան դիմավորել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ։

«Այս երկիրը բոլորին դասեր է տալիս», - բացականչել է Մաչադոն, երբ իր ավտոշարասյունը հոկտեմբերի 25-ի երեկոյան մուտք է գործել մայրաքաղաք։

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մաչադոյին թույլ չէին տվել 2024 թվականին նախագահական ընտրություններում մրցակցել հետագայում արդեն պաշտոնանկ արված առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի հետ։ Մաչադոն երկրից բացակայել է 10 ամիս, իսկ վիճահարույց ընտրություններից հետո նախորդող մեկ տարին անցկացրել է թաքստոցում։

«Յուրաքանչյուր ընտանիքի վերամիավորման, յուրաքանչյուր քաղբանտարկյալի ազատության և Վենեսուելայի ազատության համար», - գրել է նա X սոցիալական ցանցում։

Reuters-ի քաջատեղյակ աղբյուրը հայտնել է, որ Մաչադոյի վերադարձը համաձայնեցվել էր ԱՄՆ-ի, Պանամայի և Կոլումբիայի կառավարությունների հետ։ Մասնավորապես, Թրամփը հավանություն է տվել վերադարձին և տեղեկացված է եղել դրա ընթացքից։

Սակայն հոկտեմբերի 25-ին Սպիտակ տանը Թրամփն ասել է, որ ոչինչ չգիտի Մաչադոյի վերադարձի մասին, և ակնարկել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսին։

«Նա շատ հաճելի կին է։ Բայց Վենեսուելայում մեր գործերը շատ լավ են ընթանում», - ասել է Թրամփը։

Հիշեցնենք, որ ամերիկացի զինվորականները տարեսկզբին ձերբակալել էին գործող  նախագահ Նիկոլաս Մադուրոյին և տեղափոխել ԱՄՆ։ Դրանից հետո երկրում պաշտոնավարում է Դելսի Ռոդրիգեսը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում