Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ
2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում հոկտեմբերի 10-ի առավոտյան ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեք երեխա, ևս 16 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Տելեգրամի իր ալիքում հայտնել է Զապորոժիեի մարզի պաշտպանության խորհրդի համանախագահ Իվան Ֆեդորովը։
Նա նշել է, որ վիրավորների թվում նույնպես երեք երեխա կա։ Երկու տուժածի վիճակը ծանր է։
«Եվս 12 մարդու ճակատագիրն անհայտ է մնում։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»,– գրել է նա։
Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ ռուսական ուժերը քաղաքին հարվածել են կառավարվող ավիառումբերով։ Վնասվել է առնվազն 26 բնակելի շենք, այդ թվում՝ 23 բազմաբնակարան և երեք առանձնատուն։ Բազմաբնակարան շենքերից մեկի մուտքի հատվածում փլուզվել են կառույցները։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հոկտեմբերի 10-ի առավոտյան առանձին հաղորդագրությամբ հայտնել են, որ գիշերային հարձակման ընթացքում ռուսական կողմը կիրառել է 160 անօդաչու թռչող սարք, որոնցից 110-ը՝ ռեակտիվ շարժիչով։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հոկտեմբերի 10-ին հայտարարել է, որ նախորդ գիշերվա ընթացքում ՀՕՊ միջոցները որսացել և ոչնչացրել են 560 ուկրաինական ԱԹՍ։ Ըստ գերատեսչության՝ դրանք խոցվել են Ռուսաստանի մի շարք մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Ղրիմի, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրային տարածքների վրա։
Նույն օրվա մեկ այլ հաղորդագրությամբ ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին և նավերին ԱԹՍ հարվածները շարունակելու մասին՝ պնդելով, որ ծովում հարվածել է Օդեսայի նավահանգիստ ռազմական բեռ տեղափոխող բեռնանավի։