Եվրոպա

Բուլղարիան կմասնակցի Կիևին ոչ ռազմական աջակցության տրամադրմանը, բայց ռազմական օգնություն չի հատկացնի

2 րոպեի ընթերցում

Բուլղարիան կմասնակցի Կիևին ոչ ռազմական աջակցության տրամադրմանը, բայց ռազմական օգնություն չի հատկացնի

Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը, ժամանելով Եվրամիության արտահերթ գագաթնաժողովին, լրագրողներին հայտնել է, որ իր երկիրը մտադիր չէ գումար տրամադրել Ուկրաինային ռազմական աջակցության համար, բայց  մարդասիրական օգնություն ցույց կտա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նա հիշեցրել է, որ Չեխիան, Սլովակիան և Հունգարիան անմիջապես «հրաժարվել են հանդես գալ որպես Ուկրաինային տրամադրվող վարկերի երաշխավորներ» և չեն մտնում այն երկրների շարքը, որոնք ֆինանսական օգնություն են ցույց տալիս։

«Իսկ ահա Բուլղարիայի նախորդ երկու կառավարությունները հաստատել էին մեր երկրի մասնակցությունը ֆինանսական աջակցությանը, և մենք մինչ օրս եղել ենք 45-ական միլիարդ եվրո գումարով երկու վարկերի երաշխավորներ և դրանց դիմաց տոկոսներ ենք վճարում եվրոպական ընդհանուր բյուջեի շրջանակներում», - նշել է Ռադևը։

«Այժմ հարցը գալիք տարվա համար 45 միլիարդ եվրոյի նոր վարկի հայցի մասին է։ Լիովին հստակ է, որ այդ վարկը պետք է բաժանվի երկու մասի՝ 25 միլիարդ եվրո՝ նախատեսված ռազմական աջակցության համար և 20 միլիարդ եվրո՝ ոչ ռազմական բյուջետային օգնության համար։ Բուլղարիան մասնակցելու է 20 միլիարդ եվրոյի ոչ ռազմական աջակցությանը։ Մենք 300 000 բուլղարացիներից բաղկացած պատմական սփյուռք ունենք Ուկրաինայում։ Եվ մեր ցանկությունն ու խնդրանքն է մեր աջակցությունը կենտրոնացնել Ուկրաինայի այն հատվածներում, որտեղ գտնվում է բուլղարացի բնակչությունը», - ասել է Ռադևը։

Բուլղարիայի վարչապետը նաև մեկնաբանել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի վերաբերյալ Եվրահանձնաժողովի պլանները, մասնավորապես՝ ռուսաստանցի մարզիկներին այցագրեր տալու արգելքը՝ նշելով, որ հավանություն  չի տա այդ նախաձեռնություններին։

«Այս իրավիճակում մենք խոսում ենք ոչ միայն մարզիկների մասին։ Մենք խոսում ենք նաև զբոսաշրջության մասին՝ կապված մարզական միջոցառումների և ակտիվ հանգստի, նույնիսկ մշակութային իրադարձությունների հետ: Մենք այդ առիթով ունենք մեր առարկությունները», - ասել է Ռադևը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում