Նորվեգիան կփորձարկի ուկրաինական DELTA համակարգը
2 րոպեի ընթերցում

Նորվեգիայի պաշտպանության նախարար Տորե Օ. Սանդվիկը և նրա ուկրաինացի գործընկեր Եվգենի Խմարան նոյեմբերի 24-ին Օսլոյում ստորագրել են մտադրությունների հուշագիր՝ ուկրաինական DELTA մարտական թվային էկոհամակարգի փորձարկման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդա» պարբերականը՝ հղում անելով Նորվեգիայի կառավարությունը։
Համագործակցության համաձայնագիրը Նորվեգիային հնարավորություն է տալիս փորձարկել DELTA հարթակը, սակայն չի նախատեսում երկու երկրների միջև օպերատիվ տվյալների փոխանակում։
«Սա փոխշահավետ համագործակցության օրինակ է։ Նորվեգիան կարող է յուրացնել Ուկրաինայի փորձը, և մենք միասին զբաղվում ենք համատեղ մշակումներով։ Նորվեգիայի աջակցությունը կարևոր է Ուկրաինայի համար, սակայն այդ աջակցության շնորհիվ մենք նաև ամրապնդում ենք Նորվեգիայի պաշտպանական ներուժը։ Երկարաժամկետ հեռանկարում այս համագործակցությունը կնպաստի մեր պաշտպանական կարողությունների և Նորվեգիայի տարածքում գործողությունների պատրաստվածության ամրապնդմանը», - մեկնաբանել է համաձայնագիրը Նորվեգիայի ՊՆ ղեկավարը։
DELTA-ն տվյալների վերլուծության հարթակ է, որը նախատեսված է ռազմաճակատում իրավիճակը գնահատելու և մարտական գործողությունները կառավարելու համար։
Հարթակը հավաքում և մշակում է տարբեր աղբյուրներից ստացվող տվյալներ, այդ թվում՝ հետախուզական և դիտարկման տեղեկություններ։ Դրանք օգտագործվում են իրական ժամանակում քարտեզներ և ռազմական հրամանատարական ու կառավարման կենտրոններում իրավիճակը ցուցադրող պատկերներ ստեղծելու համար։
Ներկայում այս համակարգն օգտագործվում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից։
Օրերս Ուկրաինայի և Գերմանիայի պաշտպանության նախարարներ Եվգենի Խմարան և Բորիս Պիստորիուսը ստորագրել էին մտադրությունների մասին նամակ՝ DELTA մարտական թվային էկոհամակարգի զարգացման, ներդրման և կիրառման ոլորտում համագործակցության վերաբերյալ։