Եմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավ
1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների վարչությունը հայտնել է, որ զինված անձինք Եմենի Բալհաֆ քաղաքի մոտակայքում գրավել են բեռնատար նավ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն։
«Վարչությունը տեղեկություն է ստացել միջադեպի մասին, որը տեղի է ունեցել Բալհաֆից 64 ծովային մղոն դեպի հարավ-արևմուտք։ Բեռնատար նավի հրամանատարը հայտնել է, որ զինված անձինք բարձրացել են նավ և այն վերցրել իրենց վերահսկողության տակ», - նշված է հաղորդագրության մեջ։
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների վարչությունը հավելել է, որ իշխանությունները տեղեկացվել են միջադեպի մասին, ընթանում է հետաքննություն։