ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները
2 րոպեի ընթերցում

Իրանական ուժերն ամեն գիշեր գործողություններ են իրականացնում Հորմուզի նեղուցում այն նավերի դեմ, որոնք խախտում են Թեհրանի կողմից սահմանած տարանցման կանոնները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Fars գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ Ալի Մոհամադին։
«Հորմուզի նեղուցում կանոնները խախտող նավերը պատժվում են ամեն գիշեր», - ասել է նա։
Մոհամադին ընդգծել է, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը պատերազմի առաջին իսկ օրվանից նեղուցի նկատմամբ իրականացնում են «լիակատար և համապարփակ» վերահսկողություն և մտադիր են շարունակել ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանական գործողությունները։
Նա նաև հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ամերիկյան ԶԼՄ-ների հրապարակած տվյալները` դրանք համարելով «անհավանական»:
Մոհամադիի խոսքով՝ նման տվյալները «լրատվամիջոցների ենթադրությունների արդյունք են», որոնց նպատակը նավթի գները նվազեցնելն է և շուկայի վրա ազդելը։
Նա հավելել է, որ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերն ի վիճակի են Հորմուզի նեղուցի «ցանկացած կետում» ներգործել այն առևտրային նավերի վրա, որոնք Թեհրանը համարում է կանոնները խախտողներ, և ԱՄՆ-ին մեղադրել է Պարսից ծոցում ու ամբողջ տարածաշրջանում անկայունություն ստեղծելու մեջ։
Հոկտեմբերի 8-ի գիշերը ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հերքել է Իրանի պնդումները, որ Հորմուզի նեղուցը փակ է, և որ Թեհրանը լիակատար վերահսկողություն ունի դրա նկատմամբ։
CENTCOM-ի պնդմամբ՝ ներկայում Հորմուզի նեղուցով անցնում են առևտրային նավեր, որոնք տեղափոխում են առևտրային բեռներ և էներգակիրներ, այդ թվում՝ օրական 20 մլն բարել նավթահումք։