Հզոր թայֆունը կաթվածահար է արել կյանքը Չինաստանի արևելքում
2 րոպեի ընթերցում

Հարյուր հազարավոր մարդիկ տարհանվել են Չինաստանի արևելքում՝ «Դելֆին» թայֆունի հետևանքով տեղացած հորդառատ անձրևների և առաջացած ջրհեղեղների պատճառով։ Իշխանությունները նախազգուշացրել են, որ վտանգը դեռ պահպանվում է, չնայած ցամաք հասնելուց հետո փոթորիկը համեմատաբար թուլացել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է չինական Xinhua լրատվական գործակալությունը։
Օգոստոսի 10-ին՝ ժամը 07:00-ի դրությամբ, Ֆուցզյան նահանգում ցամաքում և ծովում վտանգավոր գոտիներից տարհանվել էր մոտ 167,900 մարդ։ Իսկ օգոստոսի 9-ի երեկոյան Շանհայում ռիսկային համարվող տարածքներից տարհանվել է շուրջ 215,600 մարդ։
Առատ տեղումները առաջիկայում շարունակվելու են։
Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտներում։ Ֆուցզյանում իշխանությունները դադարեցրել են ավտոբուսային 686 երթուղիների և 658 գնացքների աշխատանքը։ Փակվել է նաև 234 խոշոր զբոսաշրջային վայր, տասնյակ մշակութային և զբոսաշրջային միջոցառումներ չեղարկվել են։
BBC-ն հաղորդում է, որ միայն Շանհայում չեղարկվել է մոտ 1000 թռիչք։
Տեղակայն իշխանությունները մարդկանց կոչ են արել խուսափել բացօթյա միջոցառումներից, մի շարք հայտնի զբոսաշրջային վայրեր շարունակում են փակ մնալ, այդ թվում՝ «Դիսնեյլենդի» և «Լեգոլենդի» որոշ հատվածներ։
Չինաստանի իշխանություններն ավելի վաղ «Դելֆին» թայֆունի համար հայտարարել էին վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակի նախազգուշացում։ Այն այս տարի Չինաստանին հարվածած ամենահզոր փոթորիկն է։