Չինաստանը հերքել է Nvidia-ի տնօրենին լրտեսելու մասին մեղադրանքները
3 րոպեի ընթերցում

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է մեղադրանքները, թե Չինաստանի իշխանությունները կարող են առնչություն ունենալ արհեստական բանականության չիպերի արտադրությամբ զբաղվող Nvidia ընկերության գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգի նկատմամբ իրականացվող լրտեսության հետ։
«Չինաստանին հասցեագրված լրտեսության մասին այսպես կոչված մեղադրանքներն անհիմն են։ Դրանք պարզապես Չինաստանի դեմ զրպարտություն են», - Global Times-ի փոխանցմամբ, նոյեմբերի 9-ին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գուո Ցզյակունին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նրա այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Nvidia-ի տնօրենների խորհուրդը հետաքննություն է սկսել՝ պարզելու, թե արդյոք ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը դարձել է օտարերկրյա հետախուզական ծառայությունների թիրախ։ Այս որոշումը հաջորդել է լրատվամիջոցների հրապարակմանը, ըստ որի՝ Հուանգը սերտ հարաբերություններ է ունեցել չինացի գործարար կնոջ հետ, որը տեղեկություններ է փոխանցել Պեկինին։
Մասնավորապես, The New York Times-ը նախորդ ամիս հայտնել էր, որ Հուանգը հարաբերություններ է ունեցել Սինգապուրում գործող Megaspeed ընկերության նախկին ղեկավար Ալիս Հուանգի հետ։ ԱՄՆ իշխանությունները հետաքննությունը եզրակացրել է, որ կինը չինական հետախուզության գործակալ է։
Megaspeed ընկերությունը Nvidia-ից արհեստական բանականության չիպեր է գնում։ Կասկածներ կան, որ ընկերությունն օգնել է Պեկինին հասանելիություն ստանալ առաջադեմ արհեստական բանականության չիպերին, որոնց արտահանումը Չինաստան արգելված է։
Nvidia-ն հայտնել է, որ տնօրենների խորհուրդը հիմքեր չունի ենթադրելու, թե վտանգվել են ԱՄՆ ազգային անվտանգության շահերը կամ ընկերության գաղտնի տեղեկությունները։ Այդուհանդերձ նշվել է, որ հետաքննության շրջանակում կուսումնասիրվեն բոլոր հասանելի տվյալները։
Հուանգը խոստովանել է, որ դավաճանել է կնոջը՝ նշելով. «Իմ արարքները ցավ են պատճառել նրան և մեր երեխաներին։ Իմ արածի համար արդարացում չկա։ Ես խորապես ցավում եմ»։
Դիմելով ընկերության աշխատակիցներին, տնօրենների խորհրդին, գործընկերներին և բաժնետերերին՝ Հուանգն ասել է. «Իմ պարտականությունն է ծառայել ձեզ և արժանի լինել ձեր վստահությանը։ Ես չեմ արդարացրել այդ պատասխանատվությունը։ Ես լիովին նվիրված եմ NVIDIA-ին և կաշխատեմ վերականգնել ձեր վստահությունը»։