Չինաստան

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

2 րոպեի ընթերցում

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

ԵՄ-ում Չինաստանի դեսպան Ցայ Ժունը հայտարարել է, որ Պեկինը պատրաստ է կոշտ հակաքայլեր ձեռնարկել, եթե Բրյուսելը կիրառի նոր միակողմանի մեխանիզմներ՝ սահմանափակելով չինական ապրանքների մուտքը եվրոպական շուկա։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Նախազգուշացումը հնչել է այն ժամանակ, երբ Եվրոպական հանձնաժողովը որոշել է արագորեն սահմանափակել ԵՄ շուկա մուտքը այն երկրների համար, որոնց ագրեսիվ տնտեսական քաղաքականությունը լուրջ խնդիրներ է առաջացնում եվրոպական տնտեսական տարածքում։

Ցայ Ժունն ընդգծել է, որ Չինաստանը դեմ է առևտրատնտեսական հարցերի քաղաքականացմանը, ազգային անվտանգության հասկացության չհիմնավորված ընդլայնմանը և առավելագույն ճնշման գործելաոճին։ ​​Նա հավելել է, որ եթե կիրառվեն խտրական սահմանափակումներ, Պեկինը ստիպված կլինի համարժեքորեն արձագանքել դրանց։

Նոր կանոնակարգերի մշակումը, Ֆրանսիայի և Գերմանիայի նախաձեռնությամբ, թափ առավ հոկտեմբերի սկզբին։ Երկու երկրներն էլ Չինաստանի հետ առևտրային հարաբերություններում բախվել են ռեկորդային դեֆիցիտի։ Ամբողջ Եվրամիության կտրվածքով այդ բացասական տարբերությունը հասել է օրական 1 միլիարդ եվրոյի։

Ըստ չինական մաքսային տվյալների՝ անցած տարվա ընթացքում Չինաստանից ցածր գնով ապրանքների ներմուծման ծավալն աճել է 25%-ով՝ վտանգելով եվրոպական արդյունաբերության առանցքային ոլորտները։ Ստեղծված իրավիճակում ԵՄ ղեկավարներն ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովին հանձնարարել էին ստեղծել արագ արձագանքման մեխանիզմ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում