Չինաստանի կառավարման համակարգը հասկանալու համար նախևառաջ անհրաժեշտ է հասկանալ Չինաստանի կոմունիստական կուսակցության կառավարման համակարգը. դեսպան Լի Սինվեյի հոդվածը
11 րոպեի ընթերցում

Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյի հոդվածը
Վերջերս Պեկինում տեղի ունեցավ Չինաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի 20-րդ գումարման հինգերորդ լիագումար նիստը։ Այս չափազանց կարևոր նիստը կայացավ նշանակալի ժամանակաշրջանում՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման 105-ամյակի և 15-րդ հնգամյա ծրագրի իրականացման մեկնարկի տարվա ընթացքում, երբ չին ազգի մեծ վերածննդի գործընթացը գտնվում է առանցքային փուլում։ Նիստն աշխարհին բացառիկ հնարավորություն ընձեռեց ծանոթանալու Չինաստանի պետական կառավարման համակարգի հաջողության գաղտնիքներին։
Հասկանալու համար ժամանակակից Չինաստանը և պատասխանելու այն հարցին, թե ինչու չինական արդիականացման շնորհիվ հնարավոր եղավ այդքան նշանակալի ձեռքբերումներ արձանագրել երկրի զարգացման գործում, նախևառաջ անհրաժեշտ է հասկանալ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը և խորամուխ լինել նրա կողմից իրականացվող կառավարման համակարգի առանձնահատկությունների մեջ։
Չինաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի 20-րդ գումարման հինգերորդ լիագումար նիստում հիմնական ուշադրությունը կենտրոնացվեց համակողմանի և խիստ ներկուսակցական կառավարումը հետևողականորեն և անշեղորեն առաջ մղելու հարցերի վրա։ Նիստում քննարկվեց և ընդունվեց «Համակողմանի և խիստ ներկուսակցական կառավարումը հետևողականորեն և անշեղորեն առաջ մղելու մի շարք կարևորագույն հարցերի վերաբերյալ Չինաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի որոշումը»։ Դրանով Չինաստանի կոմունիստական կուսակցությունը դրսևորեց իր հաստատուն վստահությունն ու անսասան վճռականությունը՝ համարձակորեն առերեսվելու հակասություններին ու խնդիրներին և հետևողականորեն ու անշեղորեն շարունակելու համակողմանի և խիստ ներկուսակցական կառավարումը՝ առաջնորդվելով ավելի բարձր չափանիշներով և ձեռնարկելով առավել գործուն միջոցներ։
Լիագումար նիստում սահմանվեցին համակարգային միջոցառումներ՝ համակողմանի և խիստ ներկուսակցական կառավարումը հետևողականորեն և անշեղորեն առաջ մղելու ուղղությամբ։
Նիստում ընդգծվեց կոմունիստական կուսակցական սկզբունքայնությունն ամրապնդելու, ժողովրդավարական կենտրոնացման սկզբունքը խստորեն պահպանելու և գործնականում կիրառելու անհրաժեշտությունը։ Կարևորվեց բարձր որակավորում ունեցող այնպիսի կադրերի կազմավորումը, որոնք ի զորու կլինեն ստանձնելու չին ազգի մեծ վերածնունդն իրագործելու կարևորագույն առաքելությունը։ Ընդգծվեց նաև միասնական և ներդաշնակ համակարգ ստեղծելու անհրաժեշտությունը, որը կապահովի կառավարման բոլոր մակարդակների միջև արդյունավետ ուղղահայաց փոխկապակցվածությունն ու որոշումների արդյունավետ կատարումը։ Նիստում շեշտվեց աշխատաոճն անխոնջ կատարելագործելու և կուսակցական կարգապահությունն ամրապնդելու անհրաժեշտությունը։ Կարևորվեց այն միջոցների վճռական և համալիր իրականացումը, որոնք միտված են նրան, որ պաշտոնատար անձինք չհամարձակվեն, չկարողանան և չցանկանան ներգրավվել կոռուպցիոն գործունեության մեջ։ Ընդգծվեց նաև ներկուսակցական կառավարումն ինստիտուցիոնալ հիմքի վրա և կուսակցական կանոններին խիստ համապատասխան իրականացնելու, կուսակցական և պետական վերահսկողության համակարգը կատարելագործելու, ինչպես նաև կուսակցական ղեկավարության և ներկուսակցական կառավարման համար պատասխանատվությունը բարձրացնելու և դրանից բխող պարտականությունների անշեղ կատարումն ապահովելու անհրաժեշտությունը։ Լիագումար նիստում առաջ քաշվեցին համակողմանի և խիստ ներկուսակցական կառավարումը հետևողականորեն ու անշեղորեն առաջ մղելու յոթ սկզբունքներ՝ ծառայել կուսակցության առջև դրված առաքելությունների և խնդիրների իրականացմանը, ապահովել կուսակցության քաղաքական շինարարության առաջնորդող դերը, բոլոր ոլորտներում պահպանել խիստ պահանջները, կենտրոնանալ խնդիրների լուծման վրա, պահպանել հիմնարար սկզբունքները՝ միաժամանակ ներդնելով նորարարություններ, ապահովել, որ վերադաս ղեկավարներն անձնական օրինակ ծառայեն, և ներկուսակցական կառավարումն իրականացնել կուսակցական կանոններին խստորեն համապատասխան։
Լիագումար նիստում նշվեց, որ կուսակցական շինարարության վերաբերյալ Սի Ծինփինի գաղափարները հիմնարար ուղենիշ են համակողմանի և խիստ ներկուսակցական կառավարումը հետևողականորեն ու անշեղորեն առաջ մղելու համար։
Իր գոյության 105 տարիների ընթացքում Չինաստանի կոմունիստական կուսակցությունը դարձել է աշխարհի խոշորագույն իշխող կուսակցությունը։ Այն ունի ավելի քան 100 միլիոն անդամ և ղեկավարում է ավելի քան 1,4 միլիարդ բնակիչ ունեցող երկիր։ Ինչպե՞ս հաղթահարել նման խոշոր կուսակցությանը բնորոշ առանձնահատուկ դժվարությունները, մշտապես պահպանել սերտ ու անխզելի կապը ժողովրդական լայն զանգվածների հետ և պահպանել կուսակցության կենսունակությունն ու եռանդը։ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը տևական ժամանակ ուսումնասիրում է այս հարցերը և գործնականում ուղիներ որոնում դրանց լուծման համար։
Կուսակցական շինարարության վերաբերյալ Սի Ծինփինի գաղափարները սկիզբ են առնում մարքսիզմի գիտական տեսությունից, արմատներով կապված են չինական մշակույթի լավագույն ավանդույթներին և ձևավորվել են նոր դարաշրջանում համակողմանի և խիստ ներկուսակցական կառավարման լայնածավալ փորձի հիման վրա։ Այս գաղափարները Չինաստանի կոմունիստական կուսակցության տեսական նորարարությունների նորագույն արդյունքն են և նոր դարաշրջանում ծառայում են որպես գիտական ուղեցույց ու գործողությունների ծրագիր կուսակցական շինարարության համար։ Դրանք նաև տեսական նոր ուղենիշներ են առաջարկում աշխարհի տարբեր երկրների քաղաքական կուսակցությունների զարգացման համար, առաջադրում են մարդկության քաղաքական քաղաքակրթության առաջընթացին նպաստող չինական մոտեցումներ և չինական լուծումների միջոցով նպաստում ողջ աշխարհում խաղաղության և զարգացման ապահովմանը։
Չինաստանի կոմունիստական կուսակցությունը ձգտում է ապահովել չին ժողովրդի երջանկությունը և իրագործել չինական ազգի մեծ վերածնունդը։ Ներկուսակցական ինքնահեղափոխության միջոցով այն մշտապես ամուր քաղաքական երաշխիքներ է ապահովում չինական մոդելով արդիականացման համար։ 2026 թվականին Չինաստանի տնտեսությունը կայուն զարգանում է՝ նորարարությունների ներդրմամբ և որակի բարձրացմամբ։ Առաջին երեք եռամսյակներում երկրի համախառն ներքին արդյունքը գերազանցել է 107 տրիլիոն յուանը (մոտ 16 տրիլիոն ԱՄՆ դոլար)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 4,6 տոկոսով։ Տնտեսական աճի նոր շարժիչ ուժերին, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական արտադրությանը, թվային և խելացի տնտեսությանը, ժամանակակից ծառայություններին և այլ ուղղություններին, կայունորեն բաժին է ընկնում տնտեսական աճի ավելի քան 40 տոկոսը։ Արագ տեմպերով զարգանում են այնպիսի նոր ճյուղեր, ինչպիսիք են արհեստական բանականությունը, նոր էներգետիկան և նոր նյութերի արտադրությունը։ Առաջին երեք եռամսյակներում Չինաստանում մեկ շնչի հաշվով տնօրինվող եկամտի անվանական աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5,3 տոկոսով։ Ակտիվորեն իրականացվում են բնակչության բարեկեցության բարձրացմանն ուղղված սոցիալական քաղաքականության բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում՝ զբաղվածության, կենսաթոշակային ապահովության, վաղ տարիքի երեխաների խնամքի և սոցիալական աջակցության ոլորտներում։ Դրա շնորհիվ չին ժողովուրդն ավելի ու ավելի գոհ է երկրի զարգացման արդյունքներից և իրեն ավելի պաշտպանված է զգում։
Չինաստանի կոմունիստական կուսակցությունը ձգտում է նպաստել մարդկության առաջընթացին և ողջ աշխարհում համընդհանուր ներդաշնակության հաստատմանը։ Սեփական կուսակցական կառույցներն ամրապնդելով՝ այն Չինաստանի անունից հետևողականորեն իր ներդրումն է ունենում ողջ աշխարհում խաղաղության ամրապնդման և զարգացման գործում։ Չինաստանի կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ երկիրը ձգտում է կերտել մարդկության միասնական ճակատագրի համայնք և ակտիվորեն նպաստում է ինչպես չորս գլոբալ նախաձեռնությունների իրագործմանը, այնպես էլ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում համատեղ աշխատանքի բարձր որակի ապահովմանը։
Վերջերս Շանհայում կայացավ ներմուծվող ապրանքների չինական միջազգային իններորդ ցուցահանդեսը, որին մասնակցեց ավելի քան 160 երկիր, այդ թվում նաև Հայաստանը։ Մասնակից երկրները հնարավորություն ունեցան օգտվելու Չինաստանի բաց շուկայի առավելություններից և դրա ընձեռած լայն հնարավորություններից։ Մի քանի օրից Շենժենում կկայանա Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) անդամ տնտեսությունների ղեկավարների 33-րդ ոչ պաշտոնական հանդիպումը։ Չինաստանն իր սեփական զարգացմամբ կշարունակի նպաստել թե՛ տարածաշրջանի, թե՛ ամբողջ աշխարհի զարգացման կանխատեսելիությանն ու կայունությանը։
Չինաստանն ու Հայաստանը լավ բարեկամներ են, որոնց բարեկամությունը հազարամյակների պատմություն ունի, և ռազմավարական գործընկերներ, որոնք միասին ընթանում են արդիականացման ճանապարհով։ Երկու երկրներն էլ ձգտում են նպաստել իրենց պետությունների զարգացմանն ու կառուցմանը և բարձրացնել իրենց ժողովուրդների կենսամակարդակը։ Չինական կողմը պատրաստ է հայկական կողմի հետ հետևողականորեն ամրապնդել փոխադարձ քաղաքական վստահությունը, ուսումնասիրել միմյանց պետական կառավարման փորձը և փորձի փոխանակում իրականացնել, խորացնել համագործակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման շրջանակում և համատեղ ջանքերով նպաստել երկկողմ հարաբերությունների երկարաժամկետ, կայուն ու հետևողական զարգացմանը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների առավել բարօրության։