«Մեկ Չինաստան» սկզբունքն անհերքելի է․ Հայաստանում Չինաստանի դեսպանի հոդվածը
8 րոպեի ընթերցում

Այս տարի լրանում է Ճապոնական ագրեսիայի դեմ չին ժողովրդի դիմակայության և Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմի հաղթանակի 80-ամյակը, ինչպես նաև Թայվանի վերամիավորման 80-ամյակը: Թայվանի վերամիավորումը Չինաստանին հանդիսանում է Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների և հետպատերազմյան միջազգային կարգի կարևոր մաս։
Պատմական և իրավական փաստերը, որոնք ապացուցում են, որ Թայվանը վաղուց պատկանել է Չինաստանին, լիովին ակնհայտ են: Մ.թ. III դարում Թայվանը հիշատակվել է հին չինական քրոնիկոններում: Սոն և Յուան դինաստիայի դարաշրջանից սկսած, հետագա չինական կառավարությունները ստեղծել են վարչական մարմիններ Թայվանում և իրականացրել նրա արդյունավետ կառավարումը:
1885 թվականին Ցին դինաստիայի կառավարությունը հիմնեց Թայվան նահանգ: 1895 թվականին Ճապոնիան ռազմական ուժ կիրառելով ստիպեց Ցին դինաստիայի կառավարությանը զիջել Թայվանը, Պեսկադորյան կղզիները և այլ տարածքներ, որտեղ հաստատվեց գաղութային վարչակարգ, որը տևեց 50 տարի: 1945 թվականին, Ճապոնական ագրեսիայի դեմ չին ժողովրդի դիմադրության և Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմի հաղթանակից հետո, մի շարք կարևոր միջազգային իրավական փաստաթղթեր՝ Կահիրեի հռչակագիրը, Պոթսդամի հռչակագիրը և Ճապոնիայի կապիտուլյացիայի ակտը, հստակ նախատեսում էին Թայվանի և Պեսկադորյան կղզիների վերադարձը Չինաստանին, որոնք ապօրինաբար բռնազավթվել էին Ճապոնիայի կողմից, ինչը ստեղծեց պատմական և իրավական հիմք՝ Թայվանը Չինաստանի անբաժանելի մաս համարելու համար:
1971 թվականին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 26-րդ նստաշրջանում, ձայների ճնշող մեծամասնությամբ, ընդունվեց 2758 բանաձևը՝ ՄԱԿ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իրավասությունների վերականգնման մասին: Բանաձևում հանդիսավոր կերպով հաստատվեց, որ աշխարհում գոյություն ունի միայն մեկ Չինաստան, որ Թայվանը կազմում է Չինաստանի անբաժանելի մաս, և որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը միակ օրինական կառավարությունն է, որը ներկայացնում է ամբողջ Չինաստանը: Այս բանաձևը քաղաքական, իրավական և ընթացակարգային տեսանկյունից վերջնականորեն որոշեց ամբողջ Չինաստանի, այդ թվում Թայվանի, ներկայացուցչության հարցը ՄԱԿ-ում: Դրա օրինականությունը, վավերականությունը և լիազորությունները չեն կարող վիճարկվել։ Սակայն Թայվանի Դեմոկրատական առաջադեմ կուսակցության իշխանությունները և որոշ արտաքին ուժեր շահադիտական նպատակներով աղավաղում և կասկածի տակ են դնում 2758 բանաձևը, տարածելով կեղծ պնդումներ Թայվանի ենթադրյալ «անորոշ կարգավիճակի» վերաբերյալ, և այսպիսով փորձելով ճանապարհ հարթել Թայվանի այսպես կոչված «միջազգային տարածքի» ընդլայնման համար։
Սա խախտում է միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունքները, ինչպիսիք են պետությունների ինքնիշխան հավասարությունը և ներքին գործերին չմիջամտելը: Այսպիսի գործողությունները մարտահրավեր են Չինաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, Միավորված ազգերի կազմակերպության հեղինակությանը և հետպատերազմյան միջազգային կարգին: Այսպիսի բացահայտ փորձերը պատմությունը հակադարձելու ուղղությամբ անհեթեթություն է և չափազանց վտանգավոր:
«Մեկ Չինաստան» սկզբունքը միջազգային հանրության կողմից ընդհանուր ընդունված կոնսենսուս է, ինչպես նաև Չինաստանի և աշխարհի մյուս երկրների հարաբերությունների զարգացման քաղաքական հիմքն ու նախապայմանն է: 2758 բանաձևի ընդունումից հետո ՄԱԿ-ի համակարգը, ինչպես նաև այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններ խստորեն հետևում են «մեկ Չինաստան» սկզբունքին: Հստակորեն սահմանվել է, որ ցանկացած հարցեր, որոնք վերաբերում են Թայվանի մասնակցությանը միջազգային կազմակերպությունների գործունեությանը, պետք է լուծվեն այս սկզբունքի հիման վրա:
ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթղթերում Թայվանի միակ նշումը «Թայվան նահանգ, Չինաստան» է, իսկ ՄԱԿ-ի քարտուղարության իրավական եզրակացությունը ընդգծում է, որ «Թայվանը՝ հանդիսանալով Չինաստանի մի նահանգ, անկախ կարգավիճակ չունի»: 183 երկիր դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ՉԺՀ-ի հետ՝ հիմնված «մեկ Չինաստան» սկզբունքի վրա: «Թայվանի անկախությանը» ուղղված ցանկացած անջատողական գործողություն և քաղաքական մանիպուլյացիա աջակցություն չի ստանա և դատապարտված է ձախողման։
1991 թվականին Հայաստանի անկախացումից հետո Չինաստանը դարձավ առաջին երկրներից մեկը, որը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Հայաստանի հետ։ Տարիների ընթացքում Հայաստանի բոլոր կառավարությունները Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը համարել են իրենց արտաքին քաղաքականության առաջնահերթություն։
Այս տարվա օգոստոսի 31-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում ունեցան և համատեղ հայտարարեցին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկերության հաստատման մասին, որը նշանավորեց երկու երկրների միջև բարեկամական համագործակցության նոր փուլ:
Չին–հայկական հարաբերություններն ունեն ամուր քաղաքական հիմք: Կողմերը փոխադարձ աջակցում են միմյանց հիմնական շահերին և կարևորագույն մտահոգություններին առնչվող հարցերում: Հայկական կողմը աջակցում է «մեկ Չինաստան» սկզբունքին, ընդունում է, որ աշխարհում գոյություն ունի միայն մեկ Չինաստան, և որ Թայվանը նրա անբաժանելի մասն է, իսկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը միակ օրինական կառավարությունն է, որը ներկայացնում է ամբողջ Չինաստանը: Հայաստանը վճռականորեն դեմ է Թայվանի ցանկացած տեսակի «անկախությանը» և հաստատուն աջակցություն է ցուցաբերում Չինաստանի ջանքերին՝ ազգային միասնության հասնելու նպատակին:
Իր հերթին, Չինաստանը հաստատակամորեն աջակցում է Հայաստանի քաղաքական անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությանը, ինչպես նաև ողջունում է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:
Գտնվելով նոր պատմական փուլում՝ Չինաստանը և Հայաստանը, առաջնորդվելով երկու երկրների ղեկավարների ձեռք բերված կարևոր համաձայնություններով, պետք է շարունակեն խորացնել քաղաքական փոխվստահությունը, ուժեղացնել փոխանակումներն ու համակարգումները միջազգային և տարածաշրջանային կարևոր հարցերում, մշտապես բարձրացնեն ռազմավարական գործընկերության «բովանդակությունը», միասին պաշտպանեն միջազգային արդարությունը և իրավունքը, ինչպես նաև ձեռք ձեռքի տված կառուցեն մարդկության համար ընդհանուր ճակատագիր ունեցող համայնք:
Լի Սինվեյ
Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան