Տնտեսություն

Օվերչուկը բուսասանիտարական վերահսկողության շուրջ Հայաստանի հետ երկխոսության պատրաստակամություն է հայտնել

2 րոպեի ընթերցում

Օվերչուկը բուսասանիտարական վերահսկողության շուրջ Հայաստանի հետ երկխոսության պատրաստակամություն է հայտնել

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է կառուցողական երկխոսություն սկսել Հայաստանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի փոխվարչապետի հայտարարությանը։

«Խոսքը ոչ թե այն մասին է, թե արդյոք Հայաստանում «խելքի կգան, թե ոչ», այլ այն մասին, որ բուսասանիտարական վերահսկողության պահանջները պետք է բավարարվեն։ Եվ, բնականաբար, մենք պատրաստ ենք նման կառուցողական երկխոսության։ Սակայն, ցավոք, մենք տեսնում ենք, որ հայկական կողմից որոշակի խնդիրներ կան, և, համապատասխանաբար, նման երկխոսություն ընթանում է»,- ասել է նա։

Օվերչուկը հավելել է, թե խնդիրը նրանում չէ, որ հայկական ապրանքները վատ որակի են, այլ նրանում, որ դրանցում կան վնասատուներ և հիվանդություններ։

Ռուսաստանը վերջին ամիսներին սահմանափակումներ է կիրառել Հայաստանից բազմաթիվ ապրանքների, այդ թվում՝ ծաղիկների, մրգերի, բանջարեղենի, կաթնամթերքի և այլ արտադրանքի ներմուծման նկատմամբ՝ վկայակոչելով բուսասանիտարական և անասնաբուժական պահանջների խախտումները։

Հունիսի 12-ից «Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակել է Հայաստանից ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներմուծումն ու դրա տարանցումը ԵԱՏՄ այլ երկրներ։

ՌԴ-ն Հայաստանից ներմուծման սահմանափակումները սկսել էր կիրառել Հայաստանում հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ՌԴ-ի կողմից Հայաստանից ներմուծման նկատմամբ կիրառվող սահմանափակումները հակասում են Եվրասիական տնտեսական միության հիմնական սկզբունքներին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում