Քննչական գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես»-ում և «Փլեյ սիթի»-ում
1 րոպեի ընթերցում

Քրեական վարույթի շրջանակում քննչական և վարութային գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Կոմիտեից նաև հայտնում են, որ քննչական և վարութային գործողություններ են իրականացվում նաև «Օրանժ ֆիթնես»-ի և «Փլեյ սիթի»-ի տնօրենների բնակարաններում։
Օգոստոսի 25-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ խուզարկություններ և վարութային այլ գործողություններ են կատարվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքի անդամներին պատկանող մի քանի տասնյակ հասցեներում։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտնել էր, որ ՀՀ երկրորդ նախագահին օգոստոսի 25-ի առավոտյան տարել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Հայտնի էր դարձել նաև, որ իրավապահները մտել են Ռոբերտ Քոչարյանի որդիների՝ Լևոն և Սեդրակ Քոչարյանների բնակարաններ։