Տեսանյութ

Հայաստանի երիտասարդները կլիմայական օրակարգի իրենց առաջարկները կներկայացնեն միջազգային հարթակներում

6 րոպեի ընթերցում

Ի՞նչ է փոխվում, երբ կլիմայի փոփոխության մասին խոսում են ոչ միայն մասնագետներն ու քաղաքականություն մշակողները, այլև այն սերունդը, որը ստիպված է լինելու ապրել այդ փոփոխությունների հետևանքների հետ։

Հայաստանի տարբեր մարզերից ավելի քան 100 երիտասարդ ու դեռահաս երկու օր շարունակ հենց այս հարցի շուրջ էին քննարկում, առաջարկում ու վիճում։ Բայց այս հանդիպման նպատակը միայն խոսելը չէր․ նրանց խնդիրն էր սեփական մտքերն ու համայնքների խնդիրները վերածել միասնական առաջարկների, ինչի արդյունքում ընդունվել է Երիտասարդների ազգային հայտարարություն․ այն Հայաստանի դեռահասների ու երիտասարդների միասնական դիրքորոշումն է և հաջորդ փուլում պետք է ներկայացվի միջազգային հարթակներում, այդ թվում՝ Երևանում կայանալիք CBD COP17-ում, իսկ COP31-ի նախաշեմին՝ ներառվի Գլոբալ երիտասարդական հայտարարության մշակման գործընթացում։

«Ես մասնակցել եմ COP 28-ին՝ Դուբայում, և հենց այդ ժամանակ հասկացա, թե որքան կարևոր է, որ մենք ունենանք ազգային հայտարարություն։ Երբ երիտասարդները մասնակցում են նման համաժողովների, պետք է իրենց ձեռքում ունենան հաստատված փաստաթուղթ, որով կարող են ներկայացնել, թե Հայաստանում ինչ խնդիրներ կան։ Վստահ եմ՝ եթե Հայաստանից երիտասարդներ մասնակցեն COP 31-ին, նրանք արդեն ավելի վստահ և հստակ քայլերով կգնան՝ իմանալով, թե ինչ են ներկայացնելու»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի  նախարարությանը և ՅՈւՆԻՍԵՖ-ին կից Կլիմայի հարցերով երիտասարդական խորհրդի անդամ Անի Փալտաջյանը:

Տարբեր մարզերից եկած մասնակիցների համար կլիմայական փոփոխությունը վերացական հասկացություն չէ։ Այն առնչվում է ջրին, գյուղատնտեսությանը, բնությանը, կենսաբազմազանությանը, համայնքների զարգացմանն ու,  ի վերջո, իրենց ապագային։  

Շրջակա միջավայրի  նախարարությանը և ՅՈւՆԻՍԵՖ-ին կից Կլիմայի  հարցերով երիտասարդական խորհրդի անդամ Աշոտ Մաթևոսյանի խոսքով՝ գնալով Հայաստանում երիտասարդների խոսքը բավականին  լսելի է դառնում, բայց դա բավարար չէ. երիտասարդների ձայնը պետք է լինի նաև արժևորված և կարևորված:

«Ներկայում ամբողջ աշխարհը փորձում է անցում կատարել կանաչ տնտեսության, և այդ ճանապարհին բազմաթիվ խնդիրներ են առաջանում, մասնավորապես, աշխատաշուկայի հետ կապված։ Այն աշխատատեղերը, որոնք այսօր արդիական են, կանաչ տնտեսության անցման պայմաններում աստիճանաբար հետին պլան են մղվում։ Այդ պատճառով կարևորում ենք «արդար անցում» հասկացությունը, որպեսզի երիտասարդները հնարավորություն ունենան տիրապետելու նոր աշխատաշուկայի պահանջներին։

Դրա համար անհրաժեշտ է երիտասարդների համար ստեղծել կրթության նոր ձևեր ու հնարավորություններ, որոնք նրանց կօգնեն ձեռք բերել կանաչ հմտություններ և նոր աշխատաշուկայում գտնել իրենց տեղը»,-ասաց նա:

LCOY-ը կազմակերպել էր Շրջակա միջավայրի նախարարության և ՅՈւՆԻՍԵՖ-ի կողմից ստեղծված Կլիմայի հարցերով երիտասարդական խորհուրդը:

«Ոչ մի որոշում մեր մասին՝ առանց մեզ» կարգախոս ունեցող LCOY համաժողովի շրջանակներում մասնակիցների կողմից բազում խնդիրներ են վեր հանվել, օրինակ. կլիմայի և դրա շուրջ առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանասավորման բացակայությունը, կանաչ անցման խնդիրը.  երիտասարդները շատ լավ գիտակցում են ածխածնի հետքի նվազեցման անհրաժեշտությունը, սակայն միևնույն ժամանակ ընդգծում, որ դա պետք է այնպես անել, որ մի շարք ոլորտներ չտուժեն։

«Էյ Թի Փի»  (Armenia Tree Project) բարեգործական հիմնադրամի ռազմավարական գործընկերության հարցերով տնօրեն Մարինե Մխիթարյանի խոսքով՝ սա շատ կարևոր հնարավորություն էր նորից վերաստեղծել ու ամրապնդել կապերը երիտասարդության հետ:

«Armenia Tree Project»-ը ավելի քան 30 տարի աշխատում է Հայաստանում։ Մենք ոչ միայն կանաչ օրակարգն ենք առաջ մղում, այլև հանրային իրազեկման մեծ առաքելություն ունենք։

Մեր գործընկերների՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ նախաձեռնեցինք նաև LCOY-ի՝ երիտասարդական համաժողովի  աջակցությունը։ Այն ենթադրում է, որ հատկապես երիտասարդության ձայնը, կառավարությունների բանակցություններին զուգահեռ, պետք է լսելի դառնա։

Եթե պատկերացնենք, որ COP17-ը միջկառավարական բանակցությունների հարթակ է, որտեղ ավելի քան 50 երկրներից ներկայացուցիչներ նստելու են բանակցությունների սեղանի շուրջ և քննարկելու են կենսաբազմազանության օրակարգը, ապա հարց է առաջանում՝ այդ գործընթացում Հայաստանի կարիքն ու Հայաստանի բնակչի, հատկապես երիտասարդի կարծիքն ինչպե՞ս է արտահայտվելու։ Այդ բացը լրացնելու հնարավորություն են տալիս LCOY-ի նման հարթակները»,- ասաց Մարինե Մխիթարյանը։

Այսպիսով, երկու օրվա քննարկումները ավարտվեցին ոչ թե միայն լուսանկարներով և շփումներով այլ փաստաթղթով, որի միջոցով Հայաստանի երիտասարդները փորձում են իրենց ձայնը հասցնել որոշումներ կայացնողներին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում