Տնտեսություն

Հայկական ապրանքները մատակարարման նոր ուղի կունենան դեպի չինական շուկա

3 րոպեի ընթերցում

Հայկական ապրանքները մատակարարման նոր ուղի կունենան դեպի չինական շուկա

Հայկական ապրանքների՝ դեպի ռուսական շուկա արտահանման սահմանափակումների պայմաններում հայ արտադրողներն ակտիվորեն փնտրում են իրացման նոր և կայուն ուղղություններ։ Հայկական արտադրանքի արտահանման առավել հեռանկարային շուկաներից մեկը դառնում է Չինաստանը։

Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամը, «Պրոմ Էքսպո» ընկերության և Չինաստանում գործող իր դուստր կառույցի՝ Հայկական առևտրի տան հետ համատեղ, ստեղծել է անհրաժեշտ պայմաններ հայկական արտադրության ապրանքների արտահանման և իրացման համար։ Ձևավորվել է լոգիստիկ և կազմակերպական ենթակառուցվածք, մշակվել են չինական շուկա ապրանքների մատակարարման, պահպանման և առաջխաղացման մեխանիզմները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հիմնադրամի նախագահ և գործադիր տնօրեն Սերգեյ Ավանեսովը, այս նախաձեռնության շրջանակում առանձնահատուկ նշանակություն ունի հայկական ապրանքների տոնավաճառի կազմակերպումը այս տարվա նոյեմբերին Չենդուում:

«Այն արտադրողներին հնարավորություն կտա իրենց արտադրանքն անմիջականորեն ներկայացնելու չինացի գնորդներին, գործարարներին և դիստրիբյուտորներին, ինչպես նաև հաստատելու նոր գործարար կապեր»,-նշեց Ավանեսովը:

Զուգահեռաբար հիմնադրամը «ՑԱՅԳ» հեռուստաընկերության հետ համատեղ զարգացնում է «Վարդան Մամիկոնյան» լայնածավալ մեդիահարթակը։ Արդեն պատրաստվել են չինարեն պատմամշակութային հանդես և «ՑԱՅԳ» հեռուստաընկերության ստեղծած հատուկ տեսահոլովակ։ Հետագայում նախատեսվում է իրականացնել մեծածավալ մեդիածրագիր, որը կներառի Հայաստանի և Չինաստանի պատմական ու ժամանակակից կապերի, ինչպես նաև երկու երկրների տնտեսական համագործակցության մասին վավերագրական ֆիլմաշար։

Հիմնադրամի, «Պրոմ Էքսպո» ընկերության և Հայկական առևտրի տան ստեղծած արտահանման գործնական մեխանիզմների համադրումը «ՑԱՅԳ» հեռուստաընկերության համակարգված տեղեկատվական աջակցության հետ ձևավորում է հայկական արտադրանքի առաջխաղացման և հայ-չինական հարաբերությունների ամրապնդման համալիր գործիքակազմ։

«Ժամանակակից աշխարհատնտեսական պայմաններում այս նախաձեռնությունը հայ արտադրողների համար իրական հնարավորություններ է ստեղծում՝ մուտք գործելու աշխարհի խոշորագույն սպառողական շուկաներից մեկը»,-համոզված են համագործակցող կողմերը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում