Ռուսաստան

Շենժենում հանդիպել են Սի Ծինփինը և Վլադիմիր Պուտինը

2 րոպեի ընթերցում

Շենժենում հանդիպել են Սի Ծինփինը և Վլադիմիր Պուտինը

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը ժամանել է Շենժեն՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումին մասնակցելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Պուտինը և Սի Ծինփինը քննարկել են երկկողմ հարաբերությունները և միջազգային իրավիճակը։

Ըստ Կրեմլի ղեկավարի՝ Ռուսաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարի անընդմեջ զգալիորեն գերազանցում է 200 միլիարդ դոլարի սահմանագիծը։ Պուտինն ընդգծել է նաև, որ երկու երկրների միջև փոխադարձ զբոսաշրջային հոսքն աճում է՝ Պեկինի նախաձեռնությամբ ներդրված առանց վիզայի ռեժիմի շնորհիվ։ Բացի այդ, Պուտինի խոսքով՝ Ռուսաստանն ու Չինաստանը որդեգրել են կառուցողական մոտեցում առավել արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման հարցում։

Սի Ծինփինն իր հերթին հայտարարել է, որ Չինաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ աշխատել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բարգավաճման ուղղությամբ։ Նա հավելել է՝ երկու երկրների հարաբերություններն աշխարհին ավելի մեծ կայունություն են բերում և զարգացման լայն հեռանկարներ ունեն։

Նոյեմբերի 19-ին Պուտինը և Սի Ծինփինը եռակողմ հանդիպում կանցկացնեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Սա կլինի Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների երբևէ առաջին դեմ առ դեմ եռակողմ հանդիպումը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում