Մոլդովան պատերազմի ավարտից հետո կմասնակցի Ուկրաինայի ականազերծման աշխատանքներին. Moldpres
3 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միհայ Պոպշոյը մասնակցել է Բրյուսելում կայացած Ուկրաինայի ականազերծման չորրորդ համաժողովին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Moldpres-ը։
Պոպշոյը վերահաստատել է Մոլդովայի Հանրապետության հանձնառությունը՝ նպաստելու Ուկրաինայում մարդասիրական ականազերծման ջանքերին, երբ հրադադար հաստատվի։
«UMAC 2026. Մաքրում ենք ճանապարհը գործընկերության մեջ» թեմայով համաժողովը կազմակերպվել է Եվրոպական Միության և Ուկրաինայի կողմից՝ Բելգիայի հետ գործընկերությամբ, և միավորել է պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների, ակադեմիական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների, ինչպես նաև ականազերծման գործողություններում ներգրավված օպերատորների:
Իր ելույթում Միհայ Պոպշոյը շեշտել է Ուկրաինային ցուցաբերվող միջազգային աջակցությունը պահպանելու և պատերազմի ականներից ու պայթուցիկ մնացորդներից առաջացող ռիսկերը նվազեցնելու ջանքերը համակարգելու անհրաժեշտությունը։ Նախարարը նշել է, որ այս զինամթերքը վտանգ է ներկայացնում բնակչության համար նույնիսկ պատերազմի ավարտից հետո, մինչդեռ ռուսական ագրեսիայի հետևանքները տարածվում են Ուկրաինայի սահմաններից այն կողմ։
Մոլդովայի դիվանագիտության ղեկավարն ընդգծել է Մոլդովայի Հանրապետության կողմից ցուցաբերվող աջակցությունն` ուղղված հումանիտար ականազերծման ոլորտում ուկրաինացի մասնագետների վերապատրաստմանը։ Նա նաև վերահաստատել է երկրի պատրաստակամությունը՝ մասնակցելու Ուկրաինայում ականազերծման աշխատանքներին՝ հրադադարի հաստատումից հետո։
Մոլդովայի Հանրապետությունը նույնպես միացել է համաժողովի ընթացքում ընդունված համատեղ հռչակագրին: Փաստաթղթի միջոցով մասնակիցները պարտավորվում են համակարգել իրենց ջանքերը՝ ականապատ տարածքների վերականգնումն ու վերակառուցումը արագացնելու, միջազգային ականազերծման գործունեությունը ուժեղացնելու և տուժած համայնքների համար ավելի անվտանգ պայմաններ ապահովելու համար։
Իր ելույթի վերջում Միհայ Պոպշոյը վերահաստատել է Մոլդովայի Հանրապետության աջակցությունն Ուկրաինային և տևական խաղաղության հասնելու միջազգային ջանքերին։