Հայաստան

ԿԽՄԿ-ի առողջապահական ծրագրերից մեկի արգասիքը Խաչիկ գյուղի վերանորոգված և կահավորված բուժկետն է

6 րոպեի ընթերցում

ԿԽՄԿ-ի առողջապահական ծրագրերից մեկի արգասիքը Խաչիկ գյուղի վերանորոգված և կահավորված բուժկետն է

Վայոց Ձորի Խաչիկ համայնքում 1990 թվականին կառուցված բուժկետը նոր շունչ է ստացել Կարմի խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աջակցությամբ վերանորոգվելուց ու կահավորվելուց հետո և այժմ անհետաձգելի բուժօգնության որակյալ ծառայություններ է մատուցում ոչ միայն խաչիկցիներին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Արենի» առողջության առաջնային պահպանման կնտրոնի «Խաչիկ» ԲՄԿ-ի ղեկավար Վահե Ներսիսյանը, որը տվյալ հաստատությունում աշխատում է հիմնադրման օրից, նշեց, որ բուժկետի վերազինումն ու վերանորոգումը դարձել էր օրվա հրամայական։

«Մեր ԲՄԿ-ի շենքը տիպային է, կառուցվել է խորհրդային ժամանակաշրջանում։ Այստեղ հիմնադրման օրից ի վեր հիմնանորոգման աշխատանքներ չեն կատարվել։ Երբ ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այցելեցին մեր համայնք, միասին քննարկեցինք խնդիրներն ու որոշեցինք դրանց տալ լուծումներ։ Մեր գյուղը բավականին հեռու է մոտակա բժշկական կենտրոնից, հետևաբար միտք առաջացավ մեզ մոտ իրականացնել վերազինում և ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի աղետների դեպքում, պատերազմական իրավիճակներում, ինչպես նաև խաղաղ պայմաններում կարողանանք իրականացնել որակյալ բուժսպասարկում թե՛ բնակիչների, թե՛ գյուղի հարևանությամբ գտնվող զորամասի զինծառայողների համար»,- ասաց Ներսիսյանը։

Նա հավելեց, որ տեղում իրենք կարող են սպասարկել նախնական, անհետաձգելի բոլոր դեպքերը, ինչի համար առկա են անհրաժեշտ միջոցներ, մշտապես համալրվող դեղորայք և պարագաներ։

«Դիմելիությունը նույն մակարդակի վրա է, որովհետև մեր բուժկետը մինչև վերանորոգումն էլ բավականին ակտիվ աշխատել է։ Շտապօգնության կանչերի դեպքում մեքենան Եղեգնաձորից լավագույն դեպքում մեր համայնք հասնում է մոտ մեկ ժամում։ Շատ կարևոր է այն հանգամանքը, որ մենք այդ ժամանակահատվածում տուժածին օգնում ենք, նրան պահում ստաբիլ վիճակում, որպեսզի վատացում չլինի, մինչև շտապօգնության մեքենան ժամանի»,- ասաց Ներսիսյանը։

Նա հիշեցրեց, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ սահմանամերձ Խաչիկի ուղղությամբ ծառայությունն ուժեղացվել էր, տեղում կենտրոնացվել էին նաև աշխարհազորային և երկրապահ ուժերը, հետևաբար առաջացել էր զորքի բուժսպասարկումը լիարժեքորեն իրականացնելու պահանջ։

«Մենք զինմասի բուժաշխատողների հետ համատեղեցինք ուժերը։ Իհարկեկ մեր ուղղությամբ խոշորածավալ ռազմական գործողություններ տեղի չունեցան, բայց մենք ամեն դեպքում պատրաստ էինք մատուցել նախնական, անհետաձգելի բուժծառայություններ։ 2022 թվականին Ջերմուկում տեղի ունեցած դեպքերի ժամանակ նույնպես աշխատակազմը մոբիլիզացվեց, սակայն Խաչիկի ուղղությամբ կրակոցներ չեղան»,- ասաց Ներսիսյանը։

ԿԽՄԿ-ի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշեց, որ երեքից-չորս տարիների ընթացքում անհետաձգելի բուժօգնությանն առնչվող վերջին ծրագրերն ուղղակիորեն կապ ունեն 2022 թվականի հայ-ադրբեջանական համակարտության սրացման հետևանքների հետ։

«Սահմանամերձ բնակավայրերին վերաբերող ծրագրեր մշակելիս՝ ԿԽՄԿ-ն գիտակցեց, որ տվյալ ուղղությամբ կա անհետաձգելի բուժօգնության հաստատությունների, բաժանմունքների կամ հենակետերի հիմնադրման կարիք։ Խոսքն արտակարգ իրավիճակներում, պատերազմական գործողությունների ժամանակ կամ այլ հանգամանքներում մարդկանց կյանքը փրկելու մասին է։ Յուրաքանչյուր րոպեն այդ պարագայում շատ կարևոր է։ Ծրագրի մեկնարկից առաջ,  բնականաբար, զգացվում էր դրա պակասը, որովհետև որևէ զինվորական կամ քաղաքացիական անձի տեղափոխումը Խաչիկից Երևանի մասնագիտացված բուժկենտրոններ խլում էր զգալի ժամանակ՝ հարուցելով անցանկալի հետևանքներ»,- ասաց Ամատունին։

Նրա տեղեկացմամբ՝ ԿԽՄԿ-ն Վայոց Ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի համայնքային գործող բուժհաստատություններում արդեն իսկ իրականացրել է անհետաձգելի բուժօգնության բաժանմունքների կահավորում և վերազինում։ Նման աշխատանքներ իրականացվել են մասնավորապես Վայքում, Ջերմուկում, Կապանում և Վարդենիսում։

«Նույն ժամանակահատվածում մեր թիմերն իրականացրել են նշված հաստատությունների բուժանձնակազմերի վերապատրաստում՝ ներգրավելով մասնագետների։ Գյուղական համայնքներում նույնպես ուսումնասիրել ենք նման բուժսպասարկման հնարավորությունների պակասը, ուստի մի շարք համայնքներում ևս տեղական իշանությունների հետ միասին օգնել ենք հիմնել բուժակ-մանկաբարձական կետեր։ Այնպիսի բնակավայրերում, ինչպիսիք են Խաչիկը, Կոռնիձորը, Արտավանը և այլ նմանատիպ համայնքները, որտեղ գործում են բուժակ-մանկաբարձական կետեր, դրանք ունեն անհետաձգելի բուժսպասարկման ծառայությունների հնարավորություն։ Նման հաստատությունների կարևորությունը և դրանցում աշխատող մասնագիտական անձնակազմերի գործունեությունն անգնահատելի են գյուղական բնակչության համար»,- նշեց Ամատունին։

Նա հավելեց, որ նման բուժկետերի առկայության պարագայում մարդիկ այլևս ստիպված չեն լինի կտրել-անցնել զգալի տարածություններ՝ անհետաձգելի, առաջնային բուժօգնություն ստանալու համար։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում