Իրավունք

Մսի վաճառք՝ սպանդանոցում փորձաքննության ենթարկվելու վերաբերյալ կեղծ փաստաթղթերով. նախաքննությունն ավարտվել է

2 րոպեի ընթերցում

Մսի վաճառք՝ սպանդանոցում փորձաքննության ենթարկվելու վերաբերյալ կեղծ փաստաթղթերով. նախաքննությունն ավարտվել է

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մսամթերքի առուվաճառքով զբաղվող Զ.Մ.-ն, Վ.Խ.-ն և Ս.Յ.-ն 2022 թվականի ընթացքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Վ.Բ.-ից ձեռք են բերել կեղծ անասնա­բո­ւ­ժա­կան վկայականներ, համաձայն որի՝ իբր խոշոր եղջերավոր անասունները սպանդանոցում ենթարկվել են անասնա­բուժասանիտարական փորձա­քննութ­յան և նույն սպանդանոցից ենթարկվել մթերման, որից հետո կեղծ վկայականներն օգտագործել են վերոհիշյալ մսամթերքը վաճառելիս:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

Ս.Յ.-ի, Վ.Խ.-ի և Զ.Մ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (կեղծ փաստաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):

Հետագայում Վ.Բ.-ի վերաբերյալ հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում է կայացվել՝ նրա մահվան հիմքով: Վերջինիս նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել՝ կեղծ փաստաթղթեր իրացնելու, պատրաստելու, օգտագործելու (10 դրվագ) և ապօրինի ձեռնարակատիրական գործունեությամբ զբաղվելու (8 դրվագ) համար:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում