«Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն․ Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» աննախադեպ միջազգային ցուցադրություն կբացվի
3 րոպեի ընթերցում

Հայաստանի պատմության թանգարանում սեպտեմբերի 21-ին կկայանա «Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն․ Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացման արարողությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն․ Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» աննախադեպ ցուցադրության շրջանակում կներկայացվեն ավելի քան 50 նմուշներ Բեռլինի թանգարանային կղզու վեց թանգարաններից, որոնք ունեն ժամանակային լայն ընդգրկում՝ հին աշխարհից մինչև միջնադար և նոր ժամանակներ։

Առաջին անգամ մեկ հարթակում կհամախմբվեն Բեռլինի Թանգարանային կղզու վեց թանգարանների և Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուներից ընտրված ցուցանմուշներ: Կներկայացվեն Ուրուկից, Ասորեստանից, Բաբելոնից, Եգիպտոսից, Իրանից, Հունաստանից, Հայաստանից, Բյուզանդիայից, ինչպես նաև Իտալիայից, Գերմանիայից և այլ երկրներից հայտնաբերված ծիսական անոթներ, կնիքներ, զարդեր, զենքեր ու ճարտարապետական զարդաքանդակներ, որոնց վրա պահպանվել են տիեզերագիտական և առասպելաբանական պատկերների հետքերը։
Ցուցադրության առանցքային ցուցանմուշներից են Ք. ա. 12–11-րդ դարերով թվագրվող, վաղ երկաթի դարաշրջանի «արեգակնային համակարգի» բրոնզե մոդելները: Հատկանշական է, որ դրանց բեռլինյան օրինակներն ընդհանրապես առաջին անգամ են ներկայացվում հանրությանը։
Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու տարբեր քաղաքակրթությունների մշակութային ժառանգության, առասպելաբանական մտածողության և տիեզերագիտական պատկերացումների միջև եղած ընդհանրություններին ու փոխակերպումներին։
Ցուցադրությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի և Բեռլինի Թանգարանային կղզու 200-ամյակի առիթով՝ դառնալով մշակութային երկխոսության, ինստիտուցիոնալ հիշողության և երկու կարևոր թանգարանային կենտրոնների հավաքածուների փոխադարձ վերաիմաստավորման նշանակալի հարթակ։
Ցուցադրությունն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու Նախապատմության և վաղ պատմության թանգարանի համագործակցությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության ֆինանսական աջակցությամբ։
Ցուցադրությունը գործելու է մինչև 2027 թվականի մարտի 21-ը։