Տնտեսություն

Կառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը

Հայաստանը քայլ է կատարել Եվրոպական միության «Customs» և «Fiscalis» ծրագրերին մասնակցելու ուղղությամբ։ Դրանք նախատեսում են մաքսային և հարկային մարմինների համագործակցություն, փորձի փոխանակում, մասնագետների վերապատրաստում և թվային համակարգերի զարգացում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարությունը նոյեմբերի 5-ի նիստում հավանություն է տվել համապատասխան համաձայնագրերի ստորագրման առաջարկություններին։  

Փաստաթղթերի համաձայն՝ Հայաստանի մասնակցությունը նախատեսված է 2027 թվականի համար՝ մեկ տարի ժամկետով։

«Customs» ծրագիրն ուղղված է մաքսային վարչարարության բարելավմանը, օրինական առևտրի խթանմանը և ապօրինի առևտրային գործունեության դեմ պայքարին։ Ակնկալվում են նաև մաքսային ընթացակարգերի թափանցիկության ու կանխատեսելիության բարձրացում և եվրոպական գործընկերների հետ համագործակցության ընդլայնում։

«Fiscalis»-ը հարկային համագործակցության ծրագիր է։ Այն հնարավորություն է ընձեռում զարգացնել հարկային վարչարարությունը, փոխանակել փորձ ու տեղեկատվություն և ուժեղացնել պայքարը հարկային խարդախությունների ու հարկերի վճարումից խուսափելու դեմ։

Հիմնավորման համաձայն՝ «Customs»-ին մասնակցության համար Հայաստանի տարեկան ներդրումը կազմում է 39 հազար 991 եվրո, իսկ «Fiscalis»-ի համար՝ 36 հազար 528 եվրո։

ՊԵԿ-ի գնահատմամբ՝ համագործակցությունը կնպաստի հարկային և մաքսային համակարգերի արդիականացմանը և Հայաստան-ԵՄ տնտեսական կապերի խորացմանը։

Կառավարության որոշումները վերաբերում են համաձայնագրերի ստորագրման առաջարկություններին հավանություն տալուն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում