Տուրիզմ

Ջերմուկում առաջին անգամ մեծ շուքով անցկացվեց Jermuk City Fest 2026 փառատոնը

7 րոպեի ընթերցում

Ջերմուկում առաջին անգամ մեծ շուքով անցկացվեց Jermuk City Fest 2026 փառատոնը

Ջերմուկում առաջին անգամ անցկացվեց Jermuk City Fest 2026-ը՝ քաղաքի օրվան (հիմնադրման 90-ամյակին) նվիրված մեծ փառատոնը։ Միջոցառումը լուսաբանելու նպատակով Տնտեսական լրագրողների ակումբի ուղեկցությամբ  Ջերմուկ ժամանեց նաև ԶԼՄ ներկայացուցիչների խումբը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լիդիան Արմենիա» և «Ջերմուկ Գրուպ» ընկերությունների հովանավորությամբ կազմակերպված նախաձեռնության նպատակն էր Ջերմուկը ներկայացնել նոր տեսանկյունից՝ ընդգծելով քաղաքի զբոսաշրջային, մշակութային, առողջարանային և ժամանցային ներուժը, բարձրացնել Ջերմուկի զբոսաշրջային գրավչությունը և ձևավորել նոր ամենամյա քաղաքային ավանդույթ։

Վայոց ձորի փոխմարզպետ Վասիլ Ասլանյանն իր ելույթում նշեց, որ Ջերմուկը հանրապետության ամենագեղեցիկ և յուրահատուկ բնակավայրերից է՝ հայտնի իր բուժիչ հանքային ջրերով, անզուգական բնությամբ, առողջարանային ավանդույթներով ու աշխատասեր մարդկանցով։

«Ջերմումը լոկ քաղաք չէ, այստեղ համատեղվում են բնության հրաշալիքները, մշակութային ժառանգությունն ու արդի զարգացման ձգտումը։ Պատմության ընթացքում Ջերմուկը հաղթահարել է բազմաթիվ փորձություններ, սակայն միշտ պահպանել է իր կենսունակությունը, հյուրընկալությունն ու ապագայի հանդեպ հավատը։ Այսօր քաղաքը շարունակում է զարգանալ՝ դառնալով զբոսաշրջության, առողջարանային բուժման, սպորտի և մշակութային կյանքի կարևոր կենտրոն։ Զարգացման հիմքում ջերմուկցիների աշխատանքն է, նվիրվածությունն ու սերը հայրենի քաղաքի նկատմամբ։ Ջերմուկը հրաշալի այցեքարտ է՝ հային ու Հայաստանը լավագույն կողմերով աշխարհին ներկայացնելու համար»,- ասաց Ասլանյանը։

Նա հավելեց, որ ՀՀ կառավարության ներդրումների շնորհիվ վերջին տարիներին Ջերմուկում իրականացվել են մի շարք խոշոր ծրագրեր, որոնք էապես փոխել են քաղաքի ժամանակակից դիմագիծը։    

Ջերմուկի համայնքապետ Մանան Գևորգյանն իր հերթին նշեց, որ քաղաքը բոլորի հարստությունն է, հանրապետության կարևորագույն այցեքարտերից մեկը։

«Ջերմուկը տարեցտարի Հայաստանից և աշխարհի տարբեր վայրերից ջերմությամբ հյուրընկալում է հազարավոր զբոսաշրջիկների։ Մեզ համար մեծ պատասխանատվություն է, որ յուրաքանչյուր այցելու այստեղից հեռանա լավագույն տպավորություններով և կրկին վերադառնալու ցանկությամբ։ Պետություն-համայնք արդյունավետ համագործակցությամբ և մեր բնակիչների անմիջական մասնակցությամբ՝ մենք Ջերմուկը կդարձնենք ավելի գեղեցիկ, բարեկարգ ու գրավիչ, որպեսզի մեր համայնքը միշտ ծաղկի, զարգանա և ապրի խաղաղ ու շեն պայմաններում»,- նշեց Գևորգյանը։ 

Համայնքապետը շնորհակալագրերի հանձնման ժամանակ առանձնահատուկ ուշադրություն դարձրեց Ջերմուկի զարգացմանը նպաստող կազմակերպություններին և անհատներին, զբոսաշրջային ընկերություններին, համայնքային և այլ կառույցներին։

Փառատոնի ընթացքում մեկ վայրում համախմբվել էին ազգային խոհանոցն ու տեղական արտադրանքը, մշակութային տաղավարներն ու ցուցադրությունները, զբոսաշրջային ընկերությունները։ Փառատոնի տարբեր գոտիները միմյանցից գտնվում էին շատ մոտ տարածության վրա, ինչը հնարավորություն տվեց այցելուներին ազատ տեղաշարժվել տարածքում և բացահայտել միջոցառման ամբողջ ծրագիրը։ Փառատոնը լոկ ժամանցային միջոցառում չէր, այլ ներկայացավ որպես զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին միավորող հարթակ։ Պատահական չէ, որ Jermuk City Fest 2026-ին մասնակցեցին Ջերմուկի հյուրանոցներն ու առողջարանները, մշակութային կազմակերպություններն ու այլ գործընկերները։

«Լիդիան Արմենիա» ընկերության հանրային կապերի և հաղորդակցության բաժնի ղեկավար Մարգարիտա Ափրոյանը նշեց, որ իրենց համար շատ կարևոր է նման նախաձեռնություններին մասնակից լինելը, առավել ևս, որ ընկերությունը պատրաստվում է Վայոց ձորի մարզում իրականացնել երկարատև գործունեություն։

«Համայնքային ցանկացած նախաձեռնություն, որը կարող է ապահովել բնակավայրերի զարգացումն ու տնտեսական ակտիվություն բերել տեղի բնակիչներին, մեզ համար շատ կարևոր է։ Ջերմուկը զբոսաշրջային մեծ պոտենցիալ ունի, հետևաբար նման միջոցառումները կարող են ավելի շատ տուրիստական հոսքեր բերել՝ նպաստելով քաղաքի հետագա զարգացմանը։ Մենք Ամուլսարի շրջակա հանայնքները դիտարկում ենք որպես հիմնական գործընկերներ, ուստի մեծ ուրախությամբ մշտապես մասնակցում ենք այն ծրագրերին, որոնք կարող են ապահովել տեղի բնակավայրերի կայուն զարգացումը»,- ասաց Ափրոյանը։

Միջոցառման ընթացքում տուրիստական ընկերություններին առաջարկվեց փառատոնը ներառել իրենց տուր փաթեթներում և ամեն տարի օգոստոսի 22-ին այցելուներ բերել Ջերմուկ։ Փառատոնի տարածքում նրանք հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ծառայությունները, ստեղծել նոր գործընկերային կապեր հյուրանոցների և առողջարանների հետ, փոխանակել փորձ և ձևավորել նոր համատեղ զբոսաշրջային առաջարկներ։

Jermuk City Fest 2026 փառատոնի գլխավոր կազմակերպիչ, համայնքապետարանի ներկայացուցիչ Հրայր Մկրտչյանը նշեց, որ Ջերմուկ քաղաքի օրը նշելու գաղափարը հասունացել էր վաղուց, իսկ հետագայում տվյալ նախաձեռնությունը կդառնա ավանդական։

«Հաճելի է տեսնել, որ այսօր Ջերմուկ քաղաքում տիրում է տոնական մթնոլորտ, կա մեծ աշխուժություն։ Բոլորը գոհ են ու երջանիկ։ Այս միջոցառման կայացման գործում մեծ ներդրում ունեն հատկապես հովանավորները, տուրիստական ընկերություններն ու առողջարանները։ Հետագայում այս գաղափարն ավելի կզարգացնենք, կգեներացնենք նոր նախաձեռնություններ։ Ջերմուկը նաև էքստրեմալ տուրիզմի հրաշալի վայր է, հետևաբար համագործակցելու ենք այդ ոլորտում գործող կազմակերպությունների հետ։ Բոլոր գործողությունները միտված են նրան, որպեսզի Ջերմուկում շարժն ավելի ակտիվանա։ Նման միջոցառումները դրան մեծապես կնպաստեն»,- ասաց Մկրտչյանը։   

Միջոցառման ամբողջ ընթացքում այցելուները հնարավորություն ունեցան մեկ վայրում վայելել մշակութային, ազգային խոհանոցի և ժամանցային ծրագրերը։ Միջոցառումը եզրափակվեց տոնական մեծ համերգով։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում