Հայաստանի վարչապետը զբոսաշրջության զարգացման ամենակարևոր գործոնը համարում է խաղաղությունը
2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբոսաշրջությունը խթանելու համար ամենակարևոր գործոնը համարում է նոր հաստատված խաղաղությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտարարել է Նյու Յորքում «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկման ընթացքում:
«Շատ հետաքրքիր նրբություն կար՝ խաղաղության գործընթացներն ակտիվանում էին, այդ ընթացքում զբոսաշրջիկների հոսքն ավելանում էր, դա տեսնում ենք նաև ներկայում: Զբոսաշրջությունն ամենազգայուն ոլորտն է անվտանգության խնդիրների նկատմամբ, երբ կա խաղաղություն, կայունություն՝ զբոսաշրջության համար գրավիտացիոն դաշտ է ձևավորվում, և հիմա Հայաստանն, իսկապես, ավելի ու ավելի գրավիչ է դառնում զբոսաշրջության համար: Խաղաղությունը լավ հնարավորություն է ընձեռում, որ տարբեր երկրներից մարդիկ գան, տեսնեն պատմական վայրեր, սրբավայրեր, հիանալի բնություն, հայկական հրաշալի խոհանոց և բարի ու լավ մարդկանց: Ի դեպ, երբ հարցնում եմ զբոսաշրջիկներին, թե ինչն է ամենագրավիչ գործոնը, ասում են, որ հայկական հյուրընկալությունն է և մարդկանց ջերմությունը: Ես կարծում եմ, որ դա լավ բրենդավորում է մեր երկրի համար»,- նշել է վարչապետը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: