Մշակույթ

Ինչ է մնում, երբ հիշողությունները սկսում են խամրել․ երևանյան բեմ կբարձրանա «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը

2 րոպեի ընթերցում

Ինչ է մնում, երբ հիշողությունները սկսում են խամրել․ երևանյան բեմ կբարձրանա «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը

«ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնն իր սոցիալական ծրագրի շրջանակում սեպտեմբերի 17-ին Երևանում Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կներկայացնի Ամալիա Սալի «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Քանի չեմ մոռացել»-ը ներկայացում է հիշողության, ընտանեկան կապերի և սերունդներին միավորող փխրուն, բայց հզոր թելերի մասին։

«Ի՞նչ է մնում, երբ հիշողությունները սկսում են խամրել, և ինչպե՞ս են սերը, հոգատարությունը, հումորն ու ապրումակցումը շարունակում միավորել մարդկանց։ Ամալիա Սալը պատմում է հենց այդ մասին՝ համադրելով ժամանակակից և քաղաքային պարը թատերական արտահայտչամիջոցների հետ»,– ասված է փառատոնի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ։

Ներկայացումը ծերացման և Ալցհայմերի հիվանդության թեմաներին անդրադառնում է նրբորեն և լուսավոր հայացքով՝ հիշեցնելով, որ նույնիսկ երբ բառերն անհետանում են, մարմինը շարունակում է հիշել, հաղորդակցվել և սիրել։

Ներկայացումը նախատեսված է ՀՀ առողջապահության նախարարության «Առողջ երկարակեցություն» ծրագրի և «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության «Հիշողության և աջակցության սրճարաններ» ծրագրի մասնակիցների համար։

Փառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։ Աջակիցներն են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն և Ֆրանսիական ինստիտուտը, ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղը։

Փառատոնն իրագործվում է նաև ՀՀ առողջապահության նախարարության, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության համագործակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում