Հայաստան

«Երևան» երկաթուղային կայարանում բացվել է Tour EXPO 2026 ցուցահանդեսը

2 րոպեի ընթերցում

«Երևան» երկաթուղային կայարանում բացվել է Tour EXPO 2026 ցուցահանդեսը

«Երևան» երկաթուղային կայարանի շենքում սեպտեմբերի 5-ին մեկնարկել է Tour EXPO 2026 ցուցահանդեսը, որը մեկ հարկի տակ է համախմբել Հայաստանի, Վրաստանի և Կիպրոսի զբոսաշրջության ոլորտը ներկայացնող ավելի քան 50 կազմակերպության։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից հայտնում են, որ ցուցահանդեսի մասնակիցների թվում են հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներ, տրանսպորտային ոլորտի ընկերություններ, տուրօպերատորներ, սննդամթերքի արտադրողներ, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում տարբեր ծառայություններ մատուցող կազմակերպություններ։ 

Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ոլորտի պրոֆեսիոնալներին ներկայացնել իրենց առաջարկները, ծանոթանալ զբոսաշրջության ոլորտի նոր միտումներին և ձևավորել նոր համագործակցություններ։ Միաժամանակ, այցելուները կարող են մեկ վայրում ծանոթանալ Հայաստանի և տարածաշրջանի ոլորտային առաջարկներին ու ծառայություններին։

Իր բացման խոսքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը ընդգծել է նման նախաձեռնությունների կարևորությունը զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում։

«Ուրախ եմ ողջունել ցուցահանդեսի մասնակիցներին և հյուրերին մեր հարթակում։ Վստահ եմ, որ Tour EXPO-ն լավ հնարավորություն կլինի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների համար՝ հաստատելու նոր գործարար կապեր, փոխանակելու փորձը և իրենց ծառայությունները ներկայացնելու լայն հանրությանը։ Այցելուների համար էլ սա լավ հնարավորություն է ավելի մանրամասն ծանոթանալու Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին և ընտրելու ճանապարհորդության հետաքրքիր ուղղություններ», — նշել է Ալեքսեյ Մելնիկովը։

Ցուցահանդեսի գլխավոր հովանավորը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն է։ Միջոցառման կազմակերպիչն է «Neo Concept» ընկերությունը, հովանավորը՝ Dilijan Inn հյուրանոցը, պաշտոնական գործընկերը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն, իսկ տեղեկատվական գործընկերը՝ Զբոսաշրջության միավորված ֆեդերացիան։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում