Մատենադարանում բացվել է Արաբատառ ձեռագրերի ուսումնասիրման և վերականգնման լաբորատորիա
4 րոպեի ընթերցում

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում մեկնարկեց «Հիշողության կերպարանքները» 15-րդ միջազգային սեմինարը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոբելյանական միջազգային սեմինարը կրում է «Ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագիրը։
Պաշտոնական բացման արարողությանը Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը նշեց, որ 15 տարի առաջ մեկնարկած Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարը դարձել է կենսունակ ու պահանջված։
Նրա խոսքով՝ սեմինարն ապահովել է շուրջ 145 միջազգային կառույցների, վերականգնման կենտրոնների, գրադարանների, թանգարանների ու արխիվների մասնակցություն՝ընդգրկելով նաև լայն աշխարհագրություն՝ ԱՄՆ, Եվրոպա ու Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի, Հարավային Ամերիկայի երկրներ, ինչպես նաև Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա, Ռուսաստանի Դաշնություն։ Բացի այդ, մեծ ընդգրկում ունի թեմատիկան՝ գրավոր ժառանգության ֆիզիկական ու կենսաքիմիական խնդիրներից մինչև թվայնացում, լազերային վերականգնում, բարձր տեխնոլոգիաների կիրառում, հրատարակված ժողովածուներ, նոր մասնագիտական կապերի հաստատում, կայուն գործընկերության ձևավորում։
«Այս ամենը խտացվում է մեկ նախադասությամբ կամ կարգախոսի մեջ՝ միասնական պատասխանատվություն միջազգային գրավոր ժառանգության հանդեպ»,-ընդգծեց Խզմալյանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ սեմինարը ձևավորել է մեծ ցանց՝ ավելի քան 40 երկրների 140 կառույցներով։

Կարող ենք համոզվածությամբ ասել, որ գրավոր ժառանգության կարևոր կառույցներն այսպես թե այնպես եղել են այս սեմինարին առնչված ու մասնակից։ Սա նշանակում է, որ սեմինարը դարձել է մի վայր, հարթակ, որտեղ մենք ունենում ենք ամենակարևոր խոսակցությունները գրավոր ժառանգության պահպանման ու վերականգնման ուղղությամբ։ Երբ ծանոթանում ես սեմինարի օրակարգին, տեսնում ես, որ դա իսկապես մի բազմաշերտ, ամենատարբեր ուղղվածության խնդիրների քննարկման հարցերի լուծման հնարավորություն տվող հարթակ է»,-համոզմունք հայտնեց նախարարը։
Անդրեասյանը ԿԳՄՍ նախարարության ոսկե հուշամեդալով պարգևատրեց ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի մասնագետ, սեմինարի մասնակից Թամարա Օհանյանին՝ երկարամյա համագործակցության համար։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը տպավորիչ համարեց «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարի նախաձեռնությունը Մատենադարանի կողմից, որը ձևավորել է միջազգային, միասնական ու կենտրոնացած աշխատանք գրավոր ժառանգության շուրջ։

Նա գոհունակությամբ ընդգծեց ինչպես Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ, այնպես էլ Մատենադարանին ցուցաբերվող աջակցությունը ԵՄ-ի կողմից։
Միջոցառումն ամփոփվեց «Հայկական մանրանկարչական արվեստ» նամականիշի մարման արարողությամբ, որից հետո տեղի ունեցավ Մատենադարանի Արաբատառ ձեռագրերի ուսումնասիրման և վերականգնման լաբորատորիայի բացումը: