Մշակույթ

«Հոգևոր քարտեզի արահետներով». հայկական ձեռագրական արվեստը կներկայացվի Իսպանիայում

2 րոպեի ընթերցում

«Հոգևոր քարտեզի արահետներով». հայկական ձեռագրական արվեստը կներկայացվի Իսպանիայում

Իսպանիայի ազգային գրադարանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ, կազմակերպում է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» խորագրով ցուցահանդեսը, որը հանդիսավորությամբ կբացվի Մադրիդում մարտի 26-ին: Այցելուների համար ցուցադրությունը բաց կլինի մարտի 27-ից հունիսի 21-ը՝ ներկայացնելով Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտում պահվող կարևորագույն հայկական ձեռագրերի ընտրանի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մատենադարանի, ցուցադրությունը հնարավորություն կտա ծանոթանալու հայկական մշակույթին, պատմությանը, հավատալիքներին, սփյուռքի ձևավորմանը, ինչպես նաև ձեռագիր մատյանների ստեղծման և ձևավորման ավանդույթներին։

Ցուցանմուշների զգալի մասն առաջին անգամ է ներկայացվում Հայաստանից դուրս, ինչը ցուցահանդեսը դարձնում է բացառիկ հնարավորություն՝ բացահայտելու հայկական ձեռագրերի գեղարվեստական արժեքը՝ դրանց մանրանկարներն ու կազմարվեստը։

Նախագիծն իրականացվում է նաև Իսպանիայի Ազգային գրադարանի բարեկամների հիմնադրամի (FABNE) հետ համագործակցությամբ։

Հայկական ձեռագրերը միջազգային ճանաչում ունեն հատկապես իրենց մանրանկարչությամբ, որը ձևավորվել է տարբեր տարածաշրջանային դպրոցներում՝ յուրահատուկ ոճական և պատկերագրական առանձնահատկություններով։ Այս բազմազանությունը վկայում է հայկական գրավոր ժառանգության լայն աշխարհագրության մասին․ ձեռագրերը ստեղծվել են ինչպես պատմական Հայաստանի մշակութային կենտրոններում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Այսօր հայկական ձեռագրերը պահվում են աշխարհի տարբեր գրադարաններում և թանգարաններում՝ վկայելով հայկական մշակույթի համաշխարհային տարածման և ազդեցության մասին։

Ցուցահանդեսը նպատակ ունի ներկայացնելու հայկական այս եզակի ժառանգությունն ու հայ ժողովրդի մշակութային հարստությունը։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում