Տուրիզմ

Հայաստանի տուրօպերատոր ընկերությունների ներկայացուցիչները  ծանոթացան Մատենադարանում իրականացված բարեփոխումներին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի տուրօպերատոր ընկերությունների ներկայացուցիչները  ծանոթացան Մատենադարանում իրականացված բարեփոխումներին

Հայաստանի զբոսաշրջային ոլորտի  տուրօպերատոր ընկերությունների ներկայացուցիչները մայիսի 22-ին այցելեցին  Մատենադարան՝ ծանոթանալու վերջին տարիներին իրականացված բարեփոխումներին և ենթակառուցվածքային արդիականացումներին, մասնավորապես՝ անվտանգության և պահպանության նպատակով ներդրված տեսահսկման նորագույն համակարգերին, Մատենադարանի հարակից այգու և խանութային հատվածի նախագծերին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը նշեց, որ նման հանդիպումները շատ կարևոր են, քանի որ առանց մասնավոր հատվածի հետ անմիջական շփման, դժվար կլինի կողմնորոշվել հետագա անելիքներում։

«Սա շատ լավ առիթ էր ցույց տալու Մատենադարանում իրականացված բարեփոխումները. առաջիկայում կբացվեն հուշանվերների կրպակները և սրճարանը, որոնք իսկապես թանգարանային ծառայությունների մատուցման որակը կդնեն քաղաքակիրթ հարթության վրա»,-ասաց նա։

Խզմալյանի խոսքով՝ հանդիպման ժամանակ տուրօպերատորներին ներկայացվեցին նաև տուրօպերատորների՝ Մատենադարան մուտք գործելու հետ կապված խնդիրները։ 

«Ամենակարևոր առաջարկը, որ ընդունվեց մասնավոր հատվածի կողմից այն է, որ մեր հարաբերությունները, բացի ֆինանսական բաղադրիչ պարունակող պայմանագիրը, պետք է ունենան նաև պայմանագրեր, որոնք արտացոլում են մեր գործընկերային  հարաբերությունները։ Օրինակ, որպեսզի մենք կարողանանք ճանաչել ուղեկցող գիդերին,  մեզ անհրաժեշտ է ունենալ պայմանագիր մեզ հետ համագործակցող հիմնական կազմակերպությունների հետ, որում առավել հստակ կսահմանվեն փոխադարձ ակնկալիքները, պարտավորություններն ու լիազորությունները,-հավելեց Արա Խզմալյանը։

Նա նշեց, որ զբոսաշրջիկների համար Մատենադարանը ամենամեծ հետաքրքրություն ներկայացնող գիտական, մշակութային  հաստատություններից մեկն է։

«Այն արժեքները, որոնք ներկայացվում են Մատենադարանում, բացառիկ են, եզակի։ Մեր հիմնական այցելուները  Ռուսաստանից են և եվրոպական երկիրներից, գնալով ավելանում է նաև  արևելքի երկրներից այցելուների թիվը»,-ասաց Մատենադարանի տնօրենը։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն էլ հավելեց, որ նման  շփումները շատ կարևոր են ընդունվող որոշումները համատեղ քննարկելու առումով։

«Եթե մենք կարողանանք միասին աշխատելով ճիշտ ներկայացնել մեզ, մեզ շատ են հարգելու և անպայման ցանկանալու են գեթ մեկ անգամ այցելել Հայաստան»,-ասաց նա։

Ապրեսյանի խոսքով՝  Մատենադարանն ամենակարևոր  ու հետաքրքիր գիտահետազոտական ինստիտուտներից  է։  

Հանդիպման վերջում հյուրերը համտեսեցին  «Մատենից» արքայական բալասանը, որը պատրաստվում է հայկական ալոճենու պտուղների թորվածքից և 54 բուժիչ և անուշաբույր բույսից։

Միջնադարյան բժիշկների բնորոշմամբ՝ այն «կազդուրում և ուրախացնում է սիրտը»։ «Մատենից» արքայական բալասանը վաճառվում է բացառապես Մատենադարանի հուշանվերների կրպակում։   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում