Եվրոպա

ԵՄ գործընկերները մայիսին կհայտնեն, թե վիզաների ազատականացման գործընթացում ինչպիսի հանգրավանում է գտնվում Հայաստանը. ՀՀ ՆԳ նախարար

10 րոպեի ընթերցում

ԵՄ գործընկերները մայիսին կհայտնեն, թե վիզաների ազատականացման գործընթացում ինչպիսի հանգրավանում է գտնվում Հայաստանը. ՀՀ ՆԳ նախարար

Մատենադարանի թանգարանի կրթամշակութային սրահում մարտի 11-ին տեղի ունեցավ Հանրային խորհրդի անդամների հանդիպումը ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ։ Քննարկման թեման առնչվում էր վիզաների ազատականացման գործընթացին:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանրային խորհրդի նախագահ և Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը նշեց, որ նիստի օրակարգում ընդգրկված հարցը հուզում է ՀՀ բոլոր քաղաքացիներին։

«Հայկական կողմը ԵՄ պատվիրակության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ արդեն ունեցել է մի շարք կարևոր հանդիպումներ։ Եվրոպացի բանագնացները բարձր են գնահատել կատարված աշխատանքը։ Քաղաքական բոլոր որոշումներն այդ առումով ընդունված են։ Հետագա ընթացակարգերն առավելապես վերաբերում են տեխնիկական բաղադրիչներին, սակայն դրանց առնչվող գործընթացներն ամենևին հեշտ չեն։ Գործնական քայլերի ծրագիրը 74 կետից բաղկացած փաստաթուղթ է, հետևաբար խնդիրն ունի բազմաթիվ շերտեր՝ սկսած իրավական հարցերից, վերջացրած էթիկական հարցերով։ Շատ լավ գիտակցում ենք, որ Եվրամիության մեջ ինտեգրման գործընթացն առանց վիզաների ազատականացման դժվար է պատկերացնել։ Աշխարհում ազատ քաղաքացի լինելն առանց ազատ տեղաշարժի իրավունքի և հնարավորության նույնպես հնարավոր չէ»,- ասաց Խզմալյանը։

Նրա հավաստմամբ՝ տվյալ հարցի քննարկման համար Հանրային խորհուրդը շատ լավ հարթակ է՝ կատարվող պրոցեսների վերաբերյալ հանրությանը պատշաճ կերպով իրազեկելու տեսանկյունից։

ՀՀ ՆԳ նախարարը նշեց, որ Հայաստանը միակ պետությունն է, որն ակտիվ երկխոսության մեջ է ԵՄ-ի հետ, ինչն առավել քան պարտավորեցնող է հայկական կողմի համար, որովհետև հարափոփոխ աշխարհում շատ կարևոր է ԵՄ-ի հետ նույն գծով առաջ շարժվելու իրողությունը։

«Մենք ստանում ենք նաև գործողությունների ծրագիրը։ Երկխոսության մեկնարկից մինչև գործողությունների ծրագրի հանձնումը հայկական կողմին դարձյալ տեղի է ունեցել շատ կարճ ժամանակում, ինչը ևս կարելի է դիտարկել որպես դրական ազդակ՝ հայկական կողմի աշխատանքների ու ԵՄ գործընկերների վերաբերմունքի մասով։ Սա իսկապես նախադեպը չունեցող գործընթաց է, որն առաջին հերթին մեզ տալու է արժանապատիվ ճամպփորդության հնարավորություն դեպի Եվրամիություն։ Սակայն մենք առավել կարևորում ենք այն հանգամանքը, թե ինչպիսի փոփոխություններ ենք բերելու ՀՀ քաղաքացու կյանքում»,- ասաց Սարգսյանը։

Նրա պնդմամբ՝ գործողությունների ծրագիրը զերծ է պարտադրանքներից, չի պարունակում քաղաքական այնպիսի հանձնառություններ, որոնք չեն բխում Հայաստանի շահերից։

«Ծրագրի յուրաքանչյուր կետը միտված է մեր կյանքում որակական փոփոխություններ բերելուն։ Առաջին հենասյունային ուղղությունն անձը հաստատող նոր փաստաթղթի ընդունումն է, որովհետև տարիներ շարունակ խոսել ենք բիոմետրիկ համակարգի ներդրման մասին։ Դրա հետևում պետք է լիներ անձի ինքնությունը հաստատող մի ամբողջ ենթակառուցվածք, ինչը ներպետական հարցերում և արտասահմանում մեր քաղաքացիների հետ շփումներում կկանխարգելեր զեղծարարությունները։ Բոլորը պետք է վստահ լինեն, որ ՀՀ-ն իր քաղաքացիներին տալիս է անվտանգային երաշխիքներով այնպիսի անձնագիր, որը գրեթե անհնար է կեղծել, իսկ կեղծման դեպքերը լինելու են հեշտ բացահայտելի»,- ասաց ՆԳ նախարարը։

Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ քաղաքացիների նախկին անձնագրերը եղել են միայն թղթի արտացոլանք, ինչի հետևում որևէ համակարգ չի եղել, մինչդեռ այս պահին ընթանում է նոր անձնագրերի պատրաստման բավականին ակտիվ փուլը։     

«ԵՄ-ից Հայաստան ժամանած առաքելությունն արձանագրել է, որ մենք պատրաստ ենք մի քանի փուլ հետո գնահատմանը։ Մենք արդեն անցկացրել ենք միջազգային չափանիշներին համապատասխան մրցույթ, ունեցել ենք միջազգային որակավորում ունեցող ընկերությունների մասնակցություն, ունեցել ենք կարճ ցուցակի տրամաբանության մեջ անցնող ընկերություններ, շատ մանրակրկիտ ձևով ուսումնասիրել ենք բոլոր հայտերը։ Արդյունքում ֆրանս-ամերիկյան ընկերությունների կոնսորցիումի ձևաչափով ունեցել ենք հաղթող ընկերություն, որը կզբաղվի նոր անձնագրերի թողարկմամբ»,- հայտնեց Սարգսյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ ՆԳ նախարարությունը Մատենադարանի աշխատակազմի հետ քննարկել է  որոշակի տարրերի նույնականացումը, որոնք պետք է տեղ գտնեն նոր անձնագրի դիզայնում։ Դրանով փորձ է արվել ՀՀ քաղաքացու համար հարազատության զգացում առաջացնել՝ անձնագրի էջերը թերթելիս։ Մասնավորապես զետեղվել են պատմական տարբեր ժամանակաշրջաններին բնորոշ յուրահատուկ նշաններ և թռչնատառերով բավականին հետաքրքիր լուծումներ, որոնք տալիս են մեր ընդհանուր ժառանգության ամփոփ նկարագիրը։

«Իհարկե միայն կենսաչափական անձնագրով չի սահմանափակվում մեր հանձնառությունը։ Առհասարակ միգրացիոն կառավարման տեսանկյունից մենք պետք է կատարենք գաղափարաբանական փոփոխություններ, ուստի այս պահին մշակման փուլում է միգրացիոն կառավարման նոր ռազմավարությունը։ Կցանկանայի առանձնակի անդրադառնալ ՀՀ քաղաքացիության ինստիտուտի վերանայման հանձնառությանը։ Կարևոր է, որպեսզի այդ ինստիտուտի վերափոխումը նախանշող մի շարք հարցերն ունենան նպատակային տրամաբանություն, որպեսզի բոլոր անձանց շահերի կենտրոնը լինի միայն Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց ՆԳ նախարարը։

Սարգսյանը հավելեց, որ երկրորդ կարևոր հենասյունը սահմանների համալիր կառավարումն է։ Ըստ նրա՝ ՀՀ սահմանների հսկողությունը պետք է լինի բացառապես հայկական ուժերի կողմից։ Նախարարը հավաստիացրեց, որ քաղաքականությունն այդ առումով աստիճանաբար փոխվում է, և ՀՀ-ն իրականացնում է սեփական ուժերով իր սահմանները համալիր պահպանելու և կառավարելու հանձնառություն։

«Կապը Միգրացիոն ծառայության հետ մշտապես պետք է լինի հստակ, սահմանապահ զորքերը պետք է հստակ իմանան, թե ինչպիսի ռիսկային պրոֆիլ ունեն Հայաստան մուտք գործող անձինք, որպեսզի ներպետական միջավայրում նրանց հայտնվելու պայմաններում վստահ լինենք, թե ում հետ գործ ունենք։ Ըստ այդմ՝ բոլոր ռիսկերը պետք է լինեն կառավարելի ու վերահսկելի։ Սա շատ կարևոր է նաև նրանց համար, ովքեր ուզում են Հայաստանի հետ ունենալ ազատականացված վիզային ռեժիմ։ Սահմանների համալիր կառավարումը մեզ թույլ կտա միգրացիոն քաղաքականության տեսանկյունից հասկանալ, թե որ երկրների ներկայացուցիչների համար է մեր պետությունը գրավիչ։ Դա թույլ կտա իրականացնել փաստահեն միգրացիոն քաղաքականություն և չունենալ տարբեր իրավիճակներով պայմանավորված սուբյեկտիվ լուծումներ»,- մանրամասնեց Սարգսյանը։

Նրա կարծիքով՝ բավականին շատ անելիքներ կան նաև հանրային անվտանգության ոլորտում, քանզի, երբ ԵՄ-ն ավելի մեղմ ռեժիմով է թույլատրում այլ երկրների քաղաքացիներին մուտք գործել իր տարածք, ապա այդ դեպքում պետք է վստահ լինի, որ անվտանգային չափանիշները մեր քաղաքացիների պարագայում նույն են և նրանք չեն կարող ԵՄ-ի համար գեներացնել որոշակի ռիսկեր։

Խոսելով ԵՄ գործընկերների շրջանում Հայաստանի քաղաքացիների հանդեպ բավարար վստահություն առաջացնելու խնդրին՝ ՆԳ նախարարը վստահեցրեց, որ վիզաների ազատականացումը չի հանգեցնի մեր քաղաքացիների զանգվածային արտագաղթին։

«Մենք բավականին մեծ ջանքեր ենք գործադրել, որպեսզի ԵՄ գործընկերները վստահ լինեն, որ ցանկացած անձ, ով անկանոն միգրացիոն հոսքի արդյունքում կհայտնվի Եվրամիության տարածքում, ապա իդենտիֆիկացումից հետո պատրաստ ենք նրան հետ ընդունել։ Այդ մասին են վկայում ռեադմիսիոն տարբեր հայտերը, որոնք բազմիցս տրվում են ՀՀ-ին։ Ուրախությամբ պետք է հայտնեմ, որ Հայաստանն առաջին երկիրն է, որն իր քաղաքացիների հետընդունման հայտերի առումով ԵՄ-ի հետ աշխատում է թվային պլատֆորմի միջոցով։ Մենք ունենք 90 տոկոսից ավելի բավարարված հայտեր։ Դրանով է նաև վստահություն ձևավորվել եվրոպացի գործընկերների մոտ։ Նրանք գիտեն, որ մենք չենք խրախուսում անկանոն և անօրինական կերպով մեր քաղաքացիների մնալը ԵՄ տարածքում և միշտ պատրաստ ենք նրանց հետ ընդունել, ինչի շնորհիվ իրավիճակը կլինի կառավարելիության տրամաբանության մեջ»,- նշեց ՀՀ  ՆԳ նախարարը։

Նա տեղեկացրեց, որ մարտի 12-ին Հայաստան կժամանի ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարը։ Սարգսյանն իր գործընկերոջ հետ կքննարկի վիզաների ազատականացման պրոցեսի ընթացքը։ ՆԳ նախարարի հավաստմամբ՝ եվրոպացի գործընկերները տրամադրված են դրականորեն։ Նրանք բավականին մեծ ներդրումներ են կատարել գործողությունների ծրագրի տարբեր բաղադրիչների իրացման գործում։

ՆԳ նախարարն ու ՀՀ վարչապետը մայիսին կայանալիք կարևոր միջոցառման ընթացքում կներկայացնեն իրենց գնահատականները վիզաների ազատականացման գործընթացում առկա արդյունքների վերաբերյալ։ Նշված միջոցառման շրջանակում ԵՄ գործընկերները նույնպես հանդես կգան իրենց մոտեցումներով և կհայտնեն, թե որտեղ է հասել հայկական կողմը և ինչպիսի ընկալումներ կան բարձր մակարդակով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում