Հայաստան

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

5 րոպեի ընթերցում

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի (International Nature Prescribing Alliance, INPA) գործունեությունը։ Դաշինքը նպատակ ունի աջակցել առողջապահության ոլորտի մասնագետներին՝ բնության միջոցով առողջության բարելավման պրակտիկան ամբողջ աշխարհում ընդլայնելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոր նախաձեռնությունը նպատակ ունի ընդլայնել բնության միջոցով առողջության բարելավման պրակտիկան և ամրապնդել առողջապահության ու բնապահպանության ոլորտների համագործակցությունը: 

Ինչպես միջոցառման ընթացքում նշել է դաշինքի հիմնադիր, ընտանեկան բժիշկ, Բրիտանական Կոլումբիայի համալսարանի կլինիկական դոցենտ դոկտոր Մելիսա Լեմը, նախաձեռնությունը միավորում է առողջապահության, բնապահպանության և հարակից ոլորտների կազմակերպություններին՝ խթանելու բնության դերը՝ որպես հիվանդությունների կանխարգելման և ֆիզիկական ու հոգեկան առողջության պահպանման միջոց։ Դա  ենթադրում է, որ բուժաշխատողը պացիենտին խորհուրդ կամ ցուցում է տալիս որոշակի ժամանակ անցկացնել բնության գրկում՝ անհատապես կամ խմբային ձևաչափով։

«Բնությունը պարզապես այցելելու հաճելի վայր չէ։ Այն մարդու և մոլորակի առողջության պահպանման կարևոր միջոց է։ Բնության մեջ անցկացրած ժամանակը լավ դեղամիջոց է»,- ընդգծել է Մելիսա Լեմը՝ հավելելով, որ բնության հետ կապի ամրապնդումը նպաստում է ոչ միայն մարդկանց առողջությանն ու բարեկեցությանը, այլև շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը։

Նրա խոսքով՝ դաշինքը կաջակցի միջազգային համագործակցության ընդլայնմանը, մասնագետներին կտրամադրի կլինիկական և գիտահետազոտական նյութեր, ինչպես նաև կկազմակերպի փորձագիտական միջոցառումներ։

Մելիսա Լեմը նաև ներկայացրել է Կանադայի PARX ծրագիրը, որը բնության նշանակման ազգային նախաձեռնություն է։ Նրա խոսքով՝ ծրագրում գրանցված է ավելի քան 22 հազար բուժաշխատող, իսկ բնության նշանակման միջոցով իրականացվել է ավելի քան երկու միլիոն նշանակում։

Դաշինքի գործունեության մեկնարկին անդրադարձել է նաև Բրիտանական Կոլումբիայի զբոսայգիների հիմնադրամի (BC Parks Foundation) գլխավոր գործադիր տնօրեն դոկտոր Էնդրյու Դեյը։ Նա նշել է, որ բնության պահպանության և առողջապահության կապի ընդգծումը կարևոր է մարդկանց առօրյա կյանքում բնության արժեքը հասկանալի դարձնելու համար։

Դեյի խոսքով՝ PARX ծրագրի ընդլայնումը ցույց է տվել, որ բնության հետ շփումը կարող է օգտակար լինել անհանգստության, դեպրեսիայի և առողջական այլ խնդիրների հաղթահարման գործում։ Նա նաև ընդգծել է, որ բնության պահպանությանն ուղղված քայլերը կարևոր են ոչ միայն էկոհամակարգերի, այլև հանրային առողջության պաշտպանության տեսանկյունից։

Մեծ Բրիտանիայի «Վայրի բնության հիմնադրամներ» կազմակերպության արտաքին կապերի ղեկավար Բարնաբի Կուպը ներկայացրել է Միացյալ Թագավորությունում բնության և առողջապահության կապն ամրապնդելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Նրա խոսքով՝ Միացյալ Թագավորությունում գործում է տեղական բնապահպանական կազմակերպությունների լայն ցանց, սակայն բնության նշանակման պրակտիկան դեռևս ամբողջությամբ ներառված չէ պետական առողջապահական քաղաքականության մեջ։ Նա նշել է, որ բնության պահպանության և առողջապահության ոլորտների համագործակցությունը կարող է օգնել նվազեցնել առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը։

Կուպի ներկայացրած տվյալներով՝ 2023 թվականին իրականացված տնտեսական գնահատման համաձայն՝ Ուելսում բնության հետ կապված առողջապահական ծրագրերը կարող են տարեկան շուրջ 635 միլիոն ֆունտ ստեռլինգի օգուտ ապահովել Մեծ Բրիտանիայի առողջապահական համակարգի համար։ Նա նաև ուշադրություն է հրավիրել բնության հասանելիության անհավասարությանը՝ նշելով, որ առավել անապահով համայնքներում ապրող մարդիկ հաճախ ավելի քիչ հնարավորություններ ունեն օգտվելու բնության առողջարար ազդեցությունից։

Բանախոսները համակարծիք են եղել, որ բնության հասանելիության ընդլայնումը, առողջապահական մասնագետների ներգրավումը և միջազգային համագործակցության զարգացումը կարող են նպաստել ինչպես հանրային առողջության բարելավմանը, այնպես էլ կենսաբազմազանության պահպանությանը։

Բնության նշանակման միջազգային դաշինքը հրավիրում է առողջապահական և բնապահպանական կազմակերպություններին, բուժաշխատողներին ու այլ մասնագետներին միանալու նախաձեռնությանը՝ նպաստելու մարդկանց, համայնքների և մոլորակի առողջությանը։

Սարգիս Ասատրյան

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում