Մշակույթ

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

4 րոպեի ընթերցում

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը պարբերաբար մանկական ներկայացումներով տոն է նվիրում փոքրիկ հանդիսատեսին։

Այս անգամ թատրոնն անդրադարձել է Էդուարդ Խաղագորտյանի «Շունն ու կատուն» օպերային, որը ստեղծվել է Հովհաննես Թումանյանի համանուն ստեղծագործության հիման վրա։

Լիբրետոյի հեղինակ և բեմադրող ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության  արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մելիքսեթյանը վստահեցնում է՝ երեխաները պետք է փոքրուց առնչվեն դասական արվեստին՝ հետագայում լավ հանդիսատես դառնալու համար։

««Շունն ու կատուն» օպերան բեմադրվել է ոչ միայն Երևանում, այլև Մոսկվայում, Լիտվայում։ Ժամանակին Երևանում Մանկական երաժշտական թատրոն գոյություն ուներ, որը, ցավոք սրտի, արդեն չկա. այնտեղ բեմադրվեց։ Այժմ մենք այն վերանայում ենք։ Այն մոտեցրել եմ Թումանյանի ստեղծագործությանը։ Կան Թումանյանից մեջբերումներ, Թումանյանի լեգենդից։ Լիբերտո է գրվել, որը մոտ է Թումանյանին»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշում է Արմեն Մելիքսեթյանը։

Թումանյանական հանրահայտ պատմությունը նոր կյանք է ստանում երաժշտության, թատրոնի և մանկական անմիջականության միաձուլմամբ։ Գունեղ և կենդանի բեմադրությունը փոքրիկ հանդիսատեսին կծանոթացնի օպերային արվեստին և կդառնա շատերի առաջին հանդիպումը երաժշտական թատրոնի կախարդական աշխարհի հետ։

«Կարծում եմ՝ հեքիաթ գրողները միշտ գրում են իրենց համար։ Մեծերը միշտ ինչ-որ բաներ կատարում են երեխաների համար, բայց, փաստորեն, դրանք իրենց մանկական երազանքներն են։ Այս մանկական հրաշալի ստեղծագործությունը ցանկալի ու սպասելի է բոլոր մեծերի համար և հրաշալի կընդունվի երեխաների կողմից»,-ասում է բեմադրող նկարիչ Աշոտ Թադևոսյանը։

Թադևոսյանն ընդգծում է՝ օգտագործել են ժամանակակից բեմադրության համար անհրաժեշտ բոլոր հնարավոր տեխնոլոգիաներն ու մեթոդները՝ ցանկանալով ուրախություն պարգևել փոքրիկներին։

«Սա իմ առաջին օպերան է. բեմադրություններ բավականին ունեցել եմ, բայց օպերան հրաշալի աշխարհ է։ Միշտ ասում են, որ հայերիս մոտ խմբակային  աշխատանքները չեն ստացվում, բայց այս դեպքում կարծում եմ, որ ստացվել է»,-ընդգծում է Թադևոսյանը։

«Շունն ու կատուն» իրականացվում է օպերային թատրոնի և Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի համագործակցությամբ։ Նախագիծը երիտասարդ կատարողներին հնարավորություն է ընձեռում հանդես գալ պրոֆեսիոնալ բեմում առավել փորձառու արտիստների հետ։

Երբ նախագիծը մեկնարկել է, օպերային երգիչ Հայկ Փոդրատչյանը քոլեջի սան է եղել, այժմ Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանող է։

«Պատասխանատվությունը շատ մեծ է։ Սա իմ առաջին բեմելն է օպերային թատրոնում, շատ լարված եմ։ Լարվածությունը ոչ թե նրանից է, որ ինչ-որ բան չգիտեմ, կամ ինչ-որ բան թերի է, այլ նրանից է, որ օպերայի բեմում եմ լինելու։ Փորձառու արտիստների հետ աշխատելը օգուտ է միայն։ Միայն լավ բաներ ես տեսնում և ինչ հնարավոր է պետք է քաղես»,-հավաստիացնում է երիտասարդ երգիչը։

«Շունն ու կատուն» ներկայացման առաջնախաղերը տեղի կունենան հոկտեմբերի 17-ին և 18-ին։  Ներկայացման դիրիժորն ու երաժշտական ղեկավարն Աթանես Առաքելյանն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում