Հայաստան

Սևանի պահպանությունից մինչև միջազգային համագործակցություն․ ՇՄ նախարարը ներկայացրել է ակնկալիքները COP17-ից

3 րոպեի ընթերցում

Սևանի պահպանությունից մինչև միջազգային համագործակցություն․ ՇՄ նախարարը ներկայացրել է ակնկալիքները COP17-ից

Սևանա լճի էկոհամակարգի պահպանության համար հաստատված 1,4 միլիոն դոլարի աջակցությունը միակ ֆինանսավորումը չէ․ Հայաստանը միջազգային գործընկերների հետ աշխատում է նաև այլ ծրագրերի շուրջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին COP17-ի շրջանակում հրավիրված ասուլիսում ասել է համաժողովի նախագահ, Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ պատասխանելով Սևանա լճի պահպանության ծրագրին վերաբերող հարցին։

«Ուրախ եմ, որ այն հաստատվել է 1,4 միլիոն դոլարի չափով, բայց սա միակ ֆինանսավորումը չէ։ Եվ սա միակ ծրագիրը չէ, որի վրա և որի շուրջ մենք աշխատում ենք գործընկերների հետ։ Մենք խոսում ենք բազմակողմ գործունեության մասին, խոսում ենք համագործակցության մասին»,– նշել է Մաթևոսյանը։

Նախարարն ընդգծել է Սևանա լճի առանձնահատուկ նշանակությունը Հայաստանի բնության և տնտեսության համար։ Նրա խոսքով՝ լիճը կարևոր քաղցրահամ ջրի պաշար է և մեծ դեր ունի ինչպես Գեղարքունիքի մարզի՝ զբոսաշրջության ու ձկնորսության հետ կապված գործունեության, այնպես էլ ամբողջ երկրի տնտեսության համար։

Մաթևոսյանը նշել է, որ իրականացվող ծրագրերն ուղղված են լճի կենսաբազմազանության պահպանությանը, ջրի որակի ապահովմանն ու ավազանի մաքրմանը։ Նա կարևորել է նաև տարբեր պետական կառույցների և հասարակության մասնակցությունը՝ ընդգծելով, որ շրջակա միջավայրի նախարարությունները միայնակ չեն կարող լուծել այդ խնդիրները։

Անդրադառնալով COP17-ից ակնկալվող արդյունքներին՝ նախարարը նշել է, որ վերջնական գնահատական տալու համար դեռ վաղ է։

«Ես չեմ կարող խոսել COP17-ի վերջնարդյունքի մասին, որովհետև COP17-ը չի ավարտվել, և այն, ըստ էության, չի էլ ավարտվելու հոկտեմբերի 30-ին։ COP17-ը շարունակվելու է, և դրա ժառանգությունը շարունակվելու է մինչև առաջիկա երկու տարիների ավարտը»,– ասել է նա։

Մաթևոսյանը դրական է գնահատել համաժողովի առաջին շաբաթվա աշխատանքը։ Նրա խոսքով՝ հագեցած օրակարգի պատճառով պատվիրակներն ու համաժողովի բյուրոն համաձայնել են աշխատել նաև շաբաթ և կիրակի օրերին։ Նախարարը հույս է հայտնել, որ արդյունավետ աշխատանքը կշարունակվի նաև երկրորդ շաբաթվա ընթացքում՝ բարձր մակարդակի ներկայացուցիչների մասնակցությամբ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում