Հայաստան

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

6 րոպեի ընթերցում

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գտնվող COP17-ի Կանաչ գոտի։

Նախարարը շրջել է Կանաչ գոտու տաղավարներով, ծանոթացել ներկայացված բնապահպանական նախաձեռնություններին, կրթական ծրագրերին և նորարարական լուծումներին։

Համբարձում Մաթևոսյանը եղել է նաև «Արմենպրես» լրատվական գործակալության տաղավարում, որտեղ ներկայացված լուսանկարչական ցուցադրությունը միավորում է արխիվային և ժամանակակից լուսանկարները՝ ներկայացնելով Հայաստանի բնությունը ժամանակի մեջ։

Շրջայցի ավարտին ՀՀ շրջակա միջավայրի նախարարը զրուցեց «Արմենպրես»-ի և Հանրային ռադիոյի թղթակիցների հետ։

«COP17-ի հիմնական նիստերի նախաշեմին մենք ունեցանք երկրների ղեկավարների գագաթնաժողով, որում արձանագրվեց, որ կենսաբազմազանական COP-երի մեջ սա ամենաներառական, ընդգրկուն, մասնակիցների թվաքանակի առումով ամենամեծ համաժողովն էր։ Այն իրականում ավարտվեց շատ կարևոր ուղերձով, և հոկտեմբերի 16-ին առաջնորդների գագաթնաժողովն ամփոփվեց հռչակագրով։ Այնուհետև սկսվեցին COP17-ի պաշտոնական քննարկումները։ Մենք այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք, քննարկումների համար կա ևս մեկ շաբաթ։ Այս ընթացքում հասցրել ենք հաստատել 14 նախագիծ, որոնք ընդունվել են պլենար քննարկումների ժամանակ։ Հաջորդ պլենար քննարկումը կունենանք հոկտեմբերի 28-ին»,- նշեց Մաթևոսյանը։

Նա տեղեկացրեց, որ առաջիկա օրերին Երևան կժամանեն նաև ավելի քան 100 երկրների շրջակա միջավայրի նախարարներ կամ նախարարական մակարդակով պատվիրակներ, որոնց հետ կլինեն բանակցություններ արդեն քաղաքական բնույթի հարցերի շուրջ։ Մաթևոսյանը հույս հայտնեց, որ տեմպը պահելով՝ հոկտեմբերի 30-ին COP17-ը կավարտվի հաջողությամբ։

«Արդեն իսկ շատ կարևոր քննարկում ենք ունեցել Ասիական զարգացման բանկի փոխնախագահի, ինչպես նաև Գլոբալ բնապահպանական ֆոնդի ղեկավարի հետ։ Եկել ենք եռակողմ համաձայնության։ Պաշտոնապես ստորագրվեց Հայաստանին տրամադրվելիք կենսաբազմազանության գլոբալ ֆոնդի առաջին աջակցությունը, որը կազմում է մոտ 1,5 միլիոն ԱՄՆ դոլար։ Գործընկերների հետ պայմանավորվել ենք, որ հունվար ամսին տվյալ որոշումը վերանայվի Հայաստանի օգտին։ Նման կարևոր արձանագրություններ ունեցել ենք նաև նախորդ օրերին, որոնց մասին կխոսեմ առաջիկայում»,- ասաց Մաթևոսյանը։

Ըստ նրա՝ կանաչ գոտու գործունեության հիմնական նպատակը COP17-ն ավելի ներառական դարձնելն է։ Հաշվի առնելով, որ կապույտ գոտին փակ է քաղաքացիների համար և քաղհասարակության համար որոշակի սահմանափակումներ են գործում, ապա կանաչ գոտին հնարավորություն է տալիս, որպեսզի մեր քաղաքացիներն ու Երևան ժամանած հյուրերը հաղորդակից լինեն COP17-ի օրակարգին և առհասարակ կենսաբազմազանության օրակարգին։

«Կանաչ գոտում ներկայացված են ոչ միայն բնապահպանական հարցերով զբաղվող քաղհասարակության գործընկերները, այլև մասնավոր սեկտորի ներկայացուցիչները, Հայաստանի Հանրապետության մարզերը։ Այցելուների թվում բավականին շատ երեխաներ կան, ինչն ուրախալի է, քանի որ մենք անընդհատ խոսում ենք քաղաքացիական բարձր գիտակցության մասին շրջակա միջավայրի նկատմամբ։ Սա նաև մեծ հնարավորություն է, որպեսզի երեխաները հնարավորություն ունենան հասկանալու, թե բնության կարևորությունն առհասարակ իրենց կյանքում և ապագայում ինչ տեղ ունի»,- ասաց ՇՄ նախարարը։

Նրա գնահատմամբ՝ COP17-ի առանձնահատկությունները բավականին շատ են։ Օրակարգի կետերի քանակական առումով այս համաժողովն ավելի ծավալուն է։

«Ցավոք, քննարկումների համար նախատեսված է նույն ժամանակացույցը, ինչ և նախորդ COP-երի պարագայում էր, բայցևայնպես, առկա օրակարգային կետերն այնքան շատ են, որ դրանց քննարկման համար մեզանից պահանջվում են մեծ ռեսուրսներ ու ջանքեր։ Ներառականության առումով ներկայացված են ոչ միայն պետական հատվածի գործընկերները, ոչ միայն երկրների պատվիրակությունները, այլև միջազգային ֆինանսական կառույցները, քաղհասարակությունը, ՏԻՄ-երը։ Նախորդ օրը COP17-ի շրջանակում ունեցանք ՏԻՄ-երին նվիրված 9-րդ համագումարը։ Մենք ոչ միայն հյուընկալում ենք COP17-ը, այլև զուգահեռաբար նախագահում ենք համաժողովում։ Այստեղ անցկացվել են նաև Նագոյայի ու Կարթախենայի արձանագրություններին առնչվող միջոցառումներ։ Եթե դրան գումարենք առաջնորդների գագաթնաժողովը, ՏԻՄ-երին նվիրված համաժողովը, նախարարական հատվածի քննարկումները, ապա կարելի է ասել, որ մենք COP17-ի ընդհանուր շրջանակում իրականացնում ենք մի շարք կարևոր միջոցառումներ»,- ասաց Մաթևոսյանը։

Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությամբ և  9 ֆոնդերի աջակցությամբ 30 երկրների համար նախատեսվել է 500 միլիոն ԱՄՆ դոլար, որն ուղղվելու է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի թիրախ 4-ի իրականացմանը, այսինքն՝ կենսաբազմազանության պահպանման ու վերականգնման աշխատանքներին։

«Նախաձեռնությունն արդեն իսկ ողջունել է աշխարհահռչակ դերասան Լեոնադրո Դի Կապրիոն։ Սա իրազեկման առումով շատ կարևոր է»,- ընդգծել է Մաթևոսյանը։

Նա շեշտել է՝ COP17-ը չի ավարտվում հոկտեմբերի 30-ով․ Հայաստանը դեռ երկու տարի նախագահելու է ամբողջ գործընթացներում, ուստի օգտագործելու է բնապահպանական և քաղաքական այս բարձր հարթակը՝ խնդիրների մասին բարձրաձայնելու և նոր գործընկերներ փնտրելու համար։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում