Հայաստան

Բնության պահպանման նպատակներն իրական ներդրումային հնարավորությունների վերածելու թեմայով անցկացվեց բարձր մակարդակի երկխոսություն

7 րոպեի ընթերցում

Բնության պահպանման նպատակներն իրական ներդրումային հնարավորությունների վերածելու թեմայով անցկացվեց բարձր մակարդակի երկխոսություն

Երևանում ընթացող COP17 համաժողովի շրջանակում անցկացվեց բարձր մակարդակի երկխոսություն այն մասին, թե ինչպես կարող են ֆինանսական ոլորտն ու բիզնեսը նպաստել բնության պահպանմանն ու վերականգնմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը կայացավ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության և Միացյալ Թագավորության շրջակա միջավայրի, պարենի և գյուղական հարցերի դեպարտամենտի համատեղ ջանքերով։

Բարձր մակարդակի քննարկմանը բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի շրջակա միջավայրի փոխնախարար Հայկ Առաքելյանը, որը իր ելույթում ընդգծեց՝ բնության պահպանման ու վերականգնման շնորհիվ ստեղծված արժեքը պետք է դարձնել տեսանելի, չափելի և, իհարկե, ներդրումների համար հասանելի։

«Երբ բնությունը վատթարանում է, դրա հետևանքով առաջացած ծախսերը չեն մնում միայն բնապահպանական հաշվետվությունների էջերում։ Դրանք տեղափոխվում են բիզնես ընկերությունների հաշվեկշիռներ։

Բնությանն առնչվող շուկաների, բնության վերաբերյալ տեղեկատվության բացահայտման, նաև այստեղ հավաքված ներդրողների միջոցով՝ Հայաստանը ներկայացնում է կենսաբազմազանության ոլորտում մինչև 2030 թվականը միտված իր ազգային նպատակները։ Այսօր ավելի ուշ դեսպանությունը կհայտարարի 30-օրյա ժամանակահատված, որի ընթացքում կազմակերպությունները կարող են հայտ ներկայացնել՝ Միացյալ Թագավորության փորձագիտական ​​աջակցությունը ստանալու համար։ Այստեղ ներկա հայկական ընկերությունների և կազմակերպությունների համար սա կարող է օգտակար հարթակ լինել։ Որքան հստակ նրանք ձևակերպեն իրենց կարիքները, այնքան ավելի օգտակար կլինի արդյունքը»,- ասաց Հայկ Առաքելյանը։

Մեծ Բրիտանիայի բնության և գյուղական հարցերի նախարար Ջենի Ռիդել-Քարփենթերն էլ շեշտեց, որ էկոհամակարգերի դեգրադացիան իրական ծախսեր և ռիսկեր է առաջացնում երկրների կառավարությունների, ձեռնարկությունների և ներդրողների համար։ Բրիտանացի պաշտոնյան այս շրջանակում ընդգծեց՝ բնապահպանության ոլորտում ֆինանսավորումը պարզապես էկոհամակարգերի պահպանության մասին չէ, այլ ներդրում է այն բնական ենթակառուցվածքներում, որոնցից կախված է երկրների տնտեսական գործունեությունը։

«Մենք հաճախ ենք խոսում կենսաբազմազանության մասին՝ այն ներկայացնելով որպես բնապահպանական խնդիր, սակայն այն ակնհայտորեն նաև տնտեսական խնդիր է։

Առողջ էկոհամակարգերը հիմք են հանդիսանում մեր պարենային և ջրային անվտանգության, արդյունավետ գյուղատնտեսության, մատակարարման կայուն շղթաների և երկարաժամկետ բարգավաճման համար։

Կլիմայի ոլորտում մեր միջազգային ֆինանսավորման շրջանակում շարունակելու ենք մեծ ուշադրություն հատկացնել բնությանը՝ գիտակցելով այն կենսական դերը, որն ունեն առողջ անտառները, քաղցրահամ ջրային համակարգերը, օվկիանոսներն ու լանդշաֆտները՝ կլիմայական կայունության ամրապնդման գործում։ Միացյալ Թագավորությունը որոշել է առաջիկա երեք տարիների ընթացքում իր օգնության բյուջեից մոտ 6 միլիարդ ԱՄՆ դոլար հատկացնել կլիմայի ոլորտի միջազգային ֆինանսավորմանը, որից մոտ մեկ քառորդը կուղղվի բնության պահպանմանը։ Այնուամենայնիվ, չենք կարող անտեսել այն փաստը, որ ֆինանսավորման ընդհանուր պակասուրդը դեռևս զգալի է։ Առաջընթացը կախված է ներքին բյուջեներից, զարգացման ֆինանսավորումից, բարեգործությունից, մասնավոր ներդրումներից և նույն ուղղությամբ շարժվող ֆինանսական այլ հոսքերից՝ զուգահեռաբար իրականացնելով վնասակար խթանների վերացմանն ուղղված բարեփոխումներ։

Պետական ​​ֆինանսավորումն առավել արդյունավետ է լինում այն ​​ժամանակ, երբ այն հստակ քաղաքական ազդակ է հաղորդում և պայմաններ ստեղծում հետագա ներդրումների համար։ Ուստի մենք գիտակցում ենք, որ բնության արժեքն ամենուր է՝ մեր շուրջը։ Վերջին օրերին մենք հաճախ ենք լսել այդ մասին՝ լինի դա խմելու ջրի, սննդի, թե համայնքների կայունության տեսանկյունից։ Այնուամենայնիվ, դա հազվադեպ է արտացոլվում հաշվեկշիռներում կամ ներդրումային որոշումներում»,- ասաց Ջենի Ռիդել-Քարփենթերը։

Մեծ Բրիտանիայի բնության և գյուղական հարցերի նախարարը նաև հավելեց, որ Միացյալ Թագավորությունը «Բնության արժևորում» ծրագրի շրջանակում 28 միլիոն ֆունտ ստեռլինգ լրացուցիչ աջակցություն կտրամադրի երկրներին՝ բնությունը տնտեսական և ֆինանսական որոշումների կայացման գործընթացում ներառելու,  կենսաբազմազանության ֆինանսավորման իրենց ծրագրերն իրականացնելու համար, նաև վերացնելու այն խթանները, որոնք շարունակում են նպաստել էկոհամակարգերի դեգրադացիային։

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը ևս իր ելույթում կարևորեց, որ բնության պահպանությանն ու վերականգնման ուղղված քայլերը դիտարկվեն որպես տնտեսական ապագային միտված կարևոր բաղադրիչներ։ Նրա խոսքով՝ կենսաբազմազանության շուրջ քննարկումը չպետք է սահմանափակվի միայն կառավարությունների կամ բնապահպանական կազմակերպությունների շրջանակով։

«Ներդրողները կարևոր դերակատարում ունեն այս գործում։ Մենք պետք է միավորենք բոլոր ձեռնարկությունների ղեկավարներին։ Մեզ անհրաժեշտ են հուսալի մեխանիզմներ, որակյալ տվյալներ, պատշաճ երաշխիքներ և հնարավորություններ, որոնք կխթանեն ներդրումները՝ միաժամանակ պաշտպանելով կենսաբազմազանությունը։

Կենսաբազմազանության ոլորտում Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև գործակցությունը զգալիորեն զարգացել է։ Մեր համապատասխան գերատեսչությունները սերտորեն գործակցում են։ Մենք կապել ենք COP-ի հետ կապված հայկական առաջնահերթությունները Մեծ Բրիտանիայի փորձառության հետ՝ գործակցությունն ամրապնդելու նպատակով։

Հուսով եմ՝ երբ հետադարձ հայացք նետենք COP17-ին, կհիշենք ոչ միայն այստեղ տեղի ունեցած քննարկումներն ու ստանձնած պարտավորությունները, այլև այն հարաբերությունները, որոնք սկիզբ առան այստեղ, և այն գործնական աշխատանքը, որը դրանց արդյունքում իրականացվեց»,- ասաց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանը։

Միջոցառման ընթացքում նաև բացվեց բրիտանական փորձագիտության հայտերի պատուհանը։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում հայկական կազմակերպությունները կարող են հայտ ներկայացնել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանություն՝ Միացյալ Թագավորության փորձագիտական ​​աջակցությունը ստանալու համար։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում