«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացման նախագծին
2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագծին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում հայտարարել է խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Գրիգորյանը ներկայացրել է համաձայնագրի վերաբերյալ խմբակցության մտահոգությունները՝ անդրադառնալով Հայաստանի համար ակնկալվող տնտեսական օգուտներին, հաղորդակցությունների բացմանը և փոխադարձության սկզբունքի կիրառմանը։
Նրա գնահատմամբ՝ թեև համաձայնագիրը երկկողմ է, դրա բովանդակությունում արտացոլված են նաև Ադրբեջանի շահերը։
«Թղթի վրա երկկողմ պայմանագիր է համարվում, այսինքն՝ պայմանագրի երկու կողմերն են Հայաստանի Հանրապետությունը և Միացյալ Նահանգները։ Բայց իր էության մեջ, բովանդակության մեջ առկա է երրորդ կողմը, մասնավորապես՝ Ադրբեջանը։ Ավելին՝ Ադրբեջանի շահերն ավելի ուղիղ են արտացոլված այս փաստաթղթում, քան կարող է լինել Հայաստանի Հանրապետության շահը»,- հայտարարել է Գրիգորյանը։
Խմբակցության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ը նախագծի միջոցով տարածաշրջանում ներկայություն է ստանում՝ Իրանի հետ սահմանին, իսկ Ադրբեջանը՝ կապ իր հիմնական տարածքի և Նախիջևանի միջև։ Նա հարց է բարձրացրել, թե այդ պայմաններում ի՞նչ համարժեք հնարավորություններ է ստանալու Հայաստանը։
Գրիգորյանը հարցեր է բարձրացրել սահմանային ու մաքսային ընթացակարգերի կազմակերպման վերաբերյալ՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով անցնող անձանց ու բեռների համար արդյոք գործելո՞ւ են համարժեք պայմաններ։
Նա նաև նշել է, որ անհրաժեշտ են նախագծից Հայաստանի ակնկալվող եկամուտների հստակ հաշվարկներ։