Քաղաքականություն

Վաչե Քալաշյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախությանն ու քաղաքական հավաքներին մասնակցությանը

2 րոպեի ընթերցում

Վաչե Քալաշյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախությանն ու քաղաքական հավաքներին մասնակցությանը

Հանրային ծառայողների անկախությունը պետք է ընկալել քաղաքական ոչ մասնագիտական միջամտությունից պաշտպանված լինելու համատեքստում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը՝ արձագանքելով Արամ Վարդևանյանի ելույթին։

Քալաշյանը ներկայացրել է իր մոտեցումը հանրային ծառայության և քաղաքական իշխանության հարաբերությունների վերաբերյալ։

«Հանրային ծառայությունը չի կարող անկախ լինել քաղաքական իշխանությունից, որովհետև հանրային ծառայությունը՝ որպես ղեկավարման համակարգ, կոչված է այդ քաղաքական իշխանությունների համար նախագծել մասնագիտական առումով որակյալ որոշումների նախագծեր, իսկ այնուհետև կայացրած որոշումները որակյալ կերպով իրականացնել»,-ասել է նա։

Քալաշյանի խոսքով՝ հանրային ծառայողների անկախության օրենսդրական երաշխիքները վերաբերում են մասնագիտական գործունեությունը ոչ մասնագիտական քաղաքական միջամտությունից պաշտպանելուն։ Նա այդ համատեքստում կարևորել է նաև բարեվարքության համակարգը։

Անդրադառնալով քաղաքական ուժերի ամփոփիչ հավաքներին մասնակցությանը՝ Քալաշյանը նշել է, որ այդտեղ կաշկանդվածություն չի տեսնում։ Միաժամանակ նա առանձնացրել է իշխող ուժի հավաքի՝ իր գնահատմամբ ունեցած հաշվետվողական բաղադրիչը։

«Որևէ քաղաքական ուժի ամփոփիչ հավաքը իշխող ուժի ամփոփիչ հավաքից մեկ էական տարբերություն ունի։ Իշխող ուժի ամփոփիչ հավաքն իր մեջ ներառում է նաև հաշվետվողականություն՝ կատարած աշխատանքի մասին, որին մասնակցություն են ունեցել նաև հանրային ծառայողները»,-ընդգծել է Քալաշյանը։

Նրա խոսքով՝ այդ աշխատանքին հանրային ծառայողների մասնակցությունը վերաբերում է ինչպես որոշումների նախագծերի պատրաստմանը, այնպես էլ ընդունված որոշումների իրականացմանը։

Ավելի վաղ Արամ Վարդևանյանն իր ելույթում բարձրացրել էր հանրային ծառայողների անկախության ապահովման հարցը՝ շեշտելով, որ նրանք չպետք է դառնան վարչական ռեսուրսի չարաշահման զոհ կամ օգտագործվեն քաղաքական նպատակներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում