Հայաստան

Ոսկյա զարդեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն․ Մեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել

3 րոպեի ընթերցում

Ոսկյա զարդեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն․ Մեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել

Մեծամորի պատմահնագիտական հնավայրում իրականացվող պեղումների ընթացքում հայտնաբերվել են տարբեր ժամանակաշրջանների արժեքավոր հնագիտական գտածոներ՝ ոսկյա զարդեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն և այլ առարկաներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պահպանության ծառայության ՊՈԱԿ-ից։

«2026 թվականին շարունակվել են երկու տարի առաջ մեկնարկած պեղումները, որոնք իրականացվում են «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանին կից՝ մասնավոր սեփականատերերին պատկանող հողատարածքում։ Հետազոտվող հնագիտական կառույցը քարաշար դամբարանախուց է՝ շրջապատված շուրջ 20 մետր տրամագիծ ունեցող կրոմլեխով։ Կառույցը շարված է տուֆի և բազալտի քարերով։ Դրա կենտրոնական հատվածում տեղակայված է նույն քարատեսակներից կառուցված մեծ քարարկղային դամբարան, որի ներքին չափերը մոտ 6 × 4 մետր են»,-տեղեկացրին ՊՈԱԿ-ից։

Կառույցի տեղեկություններով՝ նախորդ տարիների պեղումների ընթացքում դամբարանի վերին շերտում բացահայտվել էր անտիկ ժամանակաշրջանի թաղում՝ հարուստ ուղեկցող գույքով։ Հայտնաբերված նյութերի թվում էին ոսկյա զարդեր, մետաղադրամ և անտիկ ժամանակաշրջանին բնորոշ այլ առարկաներ, որոնք թվագրվում են մ.թ. I դարով։

«2026 թվականի պեղումների ընթացքում բացահայտված շերտերում հայտնաբերվել են տարբեր ժամանակաշրջանների հնագիտական նյութեր։ Հատկանշական է երկաթի դարով թվագրվող թաղման շերտը, որտեղ հայտնաբերվել է մեկ անհատի թաղում՝ ուղեկցող գույքով և մեծ քանակությամբ խեցեղենով։ Դամբարանախցի ստորին՝ հատակամերձ հատվածում բացահայտվել է հիմնական թաղումը, որը, ըստ հայտնաբերված նյութերի նախնական թվագրության, վերաբերում է ուշ բրոնզի դարին՝ մ.թ.ա. XIV–XIII դարերին։ Այս շերտում հայտնաբերվել են ձիու ոսկորների զգալի կուտակումներ, մեծ քանակությամբ խեցեղենի բեկորներ, լճաշենյան տիպի դաշույն, գոտու բեկորներ, բրոնզե տարբեր իրերի բեկորներ և բոժոժաձև կախիկներ։ Հնագիտական նյութերի բազմազանությունն ու շերտագրական հաջորդականությունը վկայում են, որ դամբարանային կառույցը երկար ժամանակ օգտագործվել է և վերաօգտագործվել տարբեր ժամանակաշրջաններում»,-հայտնեցին ՊՈԱԿ-ից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում