Հայաստան

Վարժական հավաքների մասնակիցների նախնական պատրաստությունը նախատեսվում է անցկացնել նոր վրանային ավանում

2 րոպեի ընթերցում

Վարժական հավաքների մասնակիցների նախնական պատրաստությունը նախատեսվում է անցկացնել նոր վրանային ավանում

Հայաստանի զորավարժարաններից մեկում կառուցվում է վրանային ավան, որտեղ նախատեսվում է անցկացնել վարժական հավաքների մասնակիցների տասնօրյա նախնական պատրաստությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով պատգամավոր Լյուդվիգ Գյուլնազարյանին։

Պատգամավորը հետաքրքրվել է վարժական հավաքների արդյունավետությամբ և նախատեսվող փոփոխություններով։ Նա նաև հարցրել է՝ դիտարկվո՞ւմ է հավաքների կազմակերպումը մասնակիցների նախկին ռազմական մասնագիտությունների ու հմտությունների հաշվառմամբ։

Պապիկյանը 25-օրյա վարժական հավաքները համարել է վերջին տարիների բարեփոխումների կարևոր մաս՝ միաժամանակ նշելով, որ համակարգը կատարելագործելու աշխատանք դեռ կա։

«Այս պահին մեր զորավարժարաններից մեկում կառուցվում է վրանային մի մեծ ավան, որի նպատակն է վարժական հավաքներ անցնող մեր հայրենակիցների նախնական պատրաստվածությունը՝ տասնօրյա, անցկացնել հենց այս վարժական ավանում»,- հայտնել է նախարարը։

Նրա գնահատմամբ՝ նոր ավանը կնպաստի պատրաստության արդյունավետության բարձրացմանը և մասնակիցների համար կապահովի ավելի լավ պայմաններ։

Պապիկյանը նշել է, որ այդ գործում աջակցել է Եվրամիությունը՝ Խաղաղության եվրոպական գործիքի շրջանակում տրամադրվող ֆինանսավորմամբ։

Անդրադառնալով մասնագիտական պատրաստությանը՝ նախարարը հայտնել է, որ վարժական հավաքներն արդեն կազմակերպվում են մասնագիտական ուղղվածությամբ։ Միաժամանակ աշխատանք է տարվում ծառայությունից հետո կրթությամբ և աշխատանքային գործունեությամբ ձեռք բերված կարողությունները ևս բանակում կիրառելու համար։

«Հիմա մարդկանց ցանկությունն ավելի շատ այն է, որ իրենց հետագա կրթության, աշխատանքի բերումով ստացած գիտելիքների ու փորձառության հիման վրա բանակում օգտագործվեն իրենց կարողությունները։ Մենք այդ ուղղությամբ ենք ավելի շատ աշխատում, իսկ, որպես կանոն, կցագրումները հիմնականում լինում են հենց ըստ մասնագիտությունների»,- ասել է Պապիկյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում