COP17. Մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում
3 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի դասակարգման և մաքսասակագնային հարցերով մասնագիտական կենտրոն-բաժնի պետի տեղակալ Նելլի Խառատյանն անդրադարձել է այն թեմային, թե ինչպես է մաքսային հսկողությունն օգնում կանխել կենսաբազմազանությանը սպառնացող ռիսկերը և ապահովել բնապահպանական պահանջների պահպանումը։
«Մաքսային հսկողությունն ինքն իրենից ենթադրում է նաև կանխարգելման բաղադրիչ, այսինքն՝ մենք փորձում ենք հնարավորինս իրազեկել տնտեսվարողներին, որպեսզի իրենք հենց իրենց նախաձեռնությամբ փորձեն զերծ մնալ հնարավոր խախտումներ թույլ տալուց: Իրազեկման լավագույն հարթակն այս պահին ExIm տեղեկատվական հարթակն է, որը ձևավորվել է ՊԵԿ նախաձեռնությամբ, գործում է ապրիլից և հնարավորություն է տալիս ստանալ տեղեկատվություն ցանկացած փուլում, երբ տնտեսվարողը կամ ֆիզիկական անձը ցանկություն է հայտնում իրականացնել ներմուծում, արտահանում կամ տարանցում։ Հարթակը նախատեսված է բարդ և, գուցե, երբեմն ոչ հասկանալի ու խրթին իրավական լեզուն ավելի պարզ և հասկանալի բառերով ներկայացնելու, բացատրելու համար: Պետք է հստակ հասկանալ և հիշել, որ ցանկացած մաքսային գործառնության շրջանակում անհրաժեշտ է առաջնորդվել իրավական ակտերի դրույթներով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Խառատյանը։

Նա կարևորեց այն հանգամանքը, թե ինչու պետք է վայրի բույսերի, Կարմիր գրքում գրանցված կենդանիների և բնապահպանական նշանակություն ունեցող ապրանքների տեղափոխման պահանջները նախապես հասանելի լինեն քաղաքացիներին ու տնտեսավարողներին։
«Իրազեկման միջոցով մենք նախազգուշացնում ենք և կանխարգելում հնարավոր կանոնների խախտումը, որովհետև երբեմն խախտումները ոչ թե լինում են չարամիտ նպատակով, այլ պարզապես խնդիրը կայանում է նրանում, որ տնտեսվարողը տեղյակ չի լինում գործող իրավակարգավորումների մասին: Այս հարթակը հնարավորություն է տալիս խուսափել այդ խնդրից։ Պետք է նախապես լինել իրազեկված, նախապես լինել տեղեկացված գործող իրավակարգավորումներին և հնարավորինս անել ամեն ինչ, որպեսզի շարժվենք և առաջնորդենք բացառապես գործող իրավակարգավորումների շրջանակներում, իսկ մենք էլ մեր մասով հնարավորինս փորձել ենք անել ամեն ինչ, որ դա նրանց համար լինի հեշտ, հասանելի և հասկանալի»,- եզրափակեց Խառատյանը։
