Հայաստան

Հայաստանում հողերի մինչև 60-70 տոկոսը ենթակա է դեգրադացման. թեժ կետերը գնահատվել են Տավուշի և Շիրակի մարզերում

8 րոպեի ընթերցում

Հայաստանում հողերի մինչև 60-70 տոկոսը ենթակա է դեգրադացման. թեժ կետերը գնահատվել են Տավուշի և Շիրակի մարզերում

Երկրագնդի ցամաքային տարածքի արդեն մոտ 40 տոկոսը համարվում է դեգրադացված, ինչն ուղղակիորեն ազդում է աշխարհի բնակչության գրեթե կեսի՝ շուրջ 3.2 միլիարդ մարդու կյանքի որակի վրա։ Հայաստանում նույնպես կան համայնքներ, որտեղ չմշակվող հողերի քանակը զգալի է և խնդիրը դրված է սրությամբ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ, Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Նարինե Հակոբյանը։

«Հայաստանում հողերի 60-70 տոկոսը ենթակա է դեգրադացման, առավել ինտենսիվ դեգրադացված է մոտ 19,5 տոկոսը։ Թեժ կետերը գնահատվել են Տավուշի, Շիրակի մարզերում։ Պատճառները տարբեր են՝ թե՛ անտրոպոգեն՝ մարդածին գործոնով, և թե՛ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված։ Հասարակության պատասխանատվության և գիտակցության արդյունքում է հնարավոր հասնել գործնականում շոշափելի արդյունքի։ Հայաստանը հանդիսանում է բնակավայր, ինչպես նաև միգրացիոն ուղի հարուստ կենսաբազմազանության համար, հետևաբար հողերի պահպանությունը կարևոր է ոչ միայն մարդկանց սոցիալական բարեկեցության, այլև կենսաբազմազանության պահպանության տեսանկյունից»,- նշեց Հակոբյանը։

Նրա փոխանցմամբ՝ բնական պատճառը կլիմայական տատանումներն են, գոլորշիության մեծացումը, ջրհեղեղների կամ երաշտների ավելի ահագնացումը։ Երկարատև երաշտները կարող են նպաստել հողերի դեգրադացմանը, ուժեղ քամիների արդյունքում հողերի էրոզացվածությունը նույնպես հանգեցնում է դեգրադացիայի։

«Իսկ մարդկային միջամտության պատճառներից կարելի է առանձնացնել ակտիվ քաղաքաշինությունը, արոտավայրերի գերարածեցումը, անտառահատումները, հողային ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործումը կամ չմշակված հողերը։ Սակավաջրությունը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում դարձել է մեծ խնդիր՝ կապված գոլորշիացման արագացման և գլոբալ տաքացման հետ։ Հայաստանը նույնպես բախվում է այդ մարտահրավերներին, հետևաբար մենք Հայաստանում ունենք որոշ հատվածներ, որտեղ արդեն արգելված է նոր արտեզյան հորերի շահագործումը»,- նշեց Հակոբյանը։

Ըստ նրա՝ դեգրադացիայի հիմնական պատճառներից մեկը Հայաստանում արոտավայրերի գերարածեցումն է։ Ներկայումս մշակվում են արոտավայրերի կառավարման պլաններ համայնքների համար՝ ելնելով յուրաքանչյուր համայնքի առանձնահատկություններից, ինչը հնարավորություն է տալիս առավել կայուն օգտագործել արոտավայրերը, որոնք շատ կարևոր դեր ունեն ոչ միայն հողերի տեսանկյունից, այլև հարուստ կենսաբազմազանության օջախներ են։

«Բնապահպանական ծրագրերի շրջանակներում կառուցվել են, օրինակ, հեռավար արոտավայրերի համար ջրարփիացման կետեր՝ կենդանիների ջրի օգտագործման համար, կամ բարեկարգվել են հեռավոր արոտավայրեր տանող ճանապարհները։ Իրականացված աշխատանքների շրջանակում արժե առանձնացնել նաև ժամանակակից տեխնոլոգիաներով՝ դրոններով արոտավայրերի կամ անտառների բնական նյութերով պարարտացումը, ինչն իրականացրել է Շրջակա միջավայրի նախարարությունը Լոռվա մարզում։ Այդպիսով՝ հնարավորություն ստեղծվեց առանց տրակտորների կիրառմամբ, առանց հողը տրորելու վերևից օգտագործել բնական պարարտացման նյութերը։ Լքված հանքարդյունաբերական տարածքների վերականգնման ծրագիր ունենք նաև Սյունիքի մարզում։ Անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքներ կան մի շարք մարզերում։ Բոլոր այս ծրագրերն իրականացվում են Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կամ այլ միջազգային գործընկերների և պետական համաֆինանսավորման շրջանակում»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը։

Հակոբյանի դիտարկմամբ՝ հողերի դեգրադացիան կանխելու գործում կարող են մեծ դեր ունենալ նաև բնակիչները՝ դաշտերում, օրինակ, չայրելով խոզանները։ Հողերի դեգրադացիային նպաստող և մեր երկրին բնորոշ վատ սովորույթներից մեկն աշնանային խոտհարքներից հետո դաշտերի այրումն է, որը շատ մեծ վնաս է հասցնում՝  այրելով հողերում առկա բոլոր միկրոօրգանիզմները։

Մասնագետի պնդմամբ՝ հողերի արտադրողականությունն այդ դեպքում զգալիորեն կրճատվում է, ուստի պետք են առավել ակտիվ իրազեկման աշխատանքներ տարվեն, որպեսզի ամենահեռավոր բնակավայրում էլ մեր գյուղաբնակները լինեն տեղեկացված և հողերին վերաբերվեն որպես հարստության, քանի որ դա ոչ միայն բնական ռեսուրս է, այլև ապահովում է սննդային անվտանգությունը, մեղմում է կլիմայի փոփոխությունները և ապահովում է մեր բնակչության սոցիալ-տնտեսական բարելավումը։ Հակոբյանի տեղեկացմամբ՝ դեգրադացիայի կանխման և հողերի վերականգնման ծրագրեր իրականացվել են Լոռու, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։

Քանի որ մեր զրուցակիցն Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգողն է, մեջբերեց, որ 1992 թվականին Ռիոյի գագաթնաժողովում որոշվեց, որ բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու համար կձևավորվեն 3 բնապահպանական կոնվենցիաներ՝ Կլիմայի, Կենսաբազմազանության պահպանման և Հողերի անապատացման ու դեգրադացիայի դեմ պայքարի։ Կոնվենցիան իրենից ներկայացնում է համապարփակ համաձայնագիր, որով երկրները համախմբվում են միացյալ գործողություններով՝ դիմակայելու բնապահպանական մարտահրավերներին՝ հողերի անապատացմանը և դեգրադացմանը։ Կոնվենցիան ընդունվեց 1994 թվականի հունիսի 17-ին, և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշեց, որ այդ օրը միջազգայնորեն կնշվի որպես Անապատացման և երաշտի դեմ պայքարի օր։ Այսօր 196 երկիր և ԵՄ-ն հանդիսանում են համաձայնագրի կողմ և միասին սահմանել են կամավոր նպատակներ՝ մինչև 2030 թվականը հասնելու հողերի դեգրադացիայի չեզոքության»,- ասաց Հակոբյանը։

Նա նշեց, որ կոնվենցիայի շրջանակում գիտական մարմինների օժանդակությամբ մշակվել և կոնվենցիայի կողմ երկրների կողմից ընդունվել է դեգրադացիայի գնահատման ընդհանուր մեթոդաբանություն և սահմանվել են չափորոշիչներ, որոնց կիրառումը հնարավորություն է տալիս համադրել առանձին երկրների հաշվետվություններն ու իրականացնել տարածաշրջանային և գլոբալ գնահատումներ ու վերլուծություններ։ Վերջին հաշվետվությունն իրականացվել է 2022 թվականին։

Դեգրադացիան հողերի բերրիության նվազումն է, որը հնարավոր է կանխել և շատ դեպքերում՝ վերականգնել, իսկ հողերի անապատացումը բերրիության նվազման այն սահմանն է, որն այլևս անդառնալի է և վերականգնման ենթակա չէ։ Հողերի չեզոք դեգրադացիան իրենից ներկայացնում է մի իրավիճակ, երբ արդեն դեգրադացված հողերը վերականգնվում են և կանխվում է նոր դեգրադացիան։

Մասնագետների պնդմամբ՝ դա այն խնդիրն է, որի լուծման ճանապարհին մեկ ուղղությամբ աշխատանքները բավարար չեն, քանզի կա մեծ փոխկապակցվածություն տարբեր ոլորտների հետ։ ՇՄ նախարարությունը շատ ակտիվ համագործակցում է շահագրգիռ գերատեսչությունների հետ և միջազգային դոնորների ֆինանսավորմամբ մի շարք մարզերում իրականացվում են հողերի վերականգնման և բարելավման աշխատանքներ։ Նաև օրենսդրական փոփոխություններով փորձ է արվում կանխել դեգրադացիան։  

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում