Հայաստանի անվտանգության մեծագույն երաշխիքը կարող է լինել ռազմավարական փոխշահավետ հարաբերությունների զարգացումը մի շարք երկրների հետ․ Համբիկ Սարաֆյան
4 րոպեի ընթերցում

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը իրատեսական և բազմաբևեռ է համարում Հայաստանի ղեկավարության որդեգրած քաղաքականությունը։
Իր տեսակետի մասին Համբիկ Սարաֆյանը բարձրաձայնեց «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով նաև հարցերի լայն շրջանակի, որոնք այսօր կարևոր տեղ ունեն ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում։

«Այն, ինչ այսօր անում է ՀՀ քաղաքական ղեկավարությունը, միանգամայն ճիշտ, պրագմատիկ քաղաքականություն է, որը նաև բազմաբևեռ է։ Այլ կերպ չենք պատկերացնում, թե նման իրավիճակում ինչպես կարող են լուծվել խնդիրներն ու ինչպես կարող ենք հասնել մեր նպատակների իրականացմանը։ Դրական ենք գնահատում միջազգային հանրության մեծացող հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, հիմա ունենք այն միջոցները, որոնք առկա չէին նախկինում։ Միջազգային ընտանիքի կողմից նախկինում Հայաստանի հանդեպ պատշաճ տնտեսական հետաքրքրություն չի ցուցաբերվել, հուսադրող է հատկապես ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ հարաբերությունների շարունակական զարգացումը»,- նշեց Սարաֆյանը։

Նա հավաստիացրեց, որ Միացյալ Նահանգներում Հայաստանը հավասարապես՝ և հանրապետականների, և՛ դեմոկրատների կողմից ընդունվում է որպես բարեկամ երկիր։ ՍարաՖյանի բնորոշմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իշխանավարման ընթացքում երկկողմ հարաբերությունները մեծապես և շահեկանորեն փոխվել են։
«Տարածաշրջանում խաղաղության,, և մանավանդ տնտեսական հնարավորությունների առումով առաջընթացը զգալի է։ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հանդեպ Թրամփի շահագրգռվածությունն ակնհայտ է՝ գիտակցելով որ խաղաղությունը բխում է տարածաշրջանի երկրների և միջազգային գործընկեր պետությունների շահերից։ TRIPP-ի հետ, անշուշտ, կապված են մեծ հույսեր։ Ուրախալի է, որ արդեն կատարվել են կոնկրետ քայլեր և նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները չեն մնացել թղթի վրա։ TRIPP-ը նաև մեր անվտանգության երաշխիքն է»,- ասաց մեր զրուցակիցը։

Հաշվի առնելով սկզբունքները, որոնց վրա խարսխված է ներկայիս միջազգային քաղաքականությունը, անվտանգության մեծագույն երաշխիքը, Սարաֆյանը նկատում է՝ Հայաստանը կարող է զարգացնել ռազմավարական փոխշահավետ հարաբերություններ մի շարք երկրների հետ։

«Նախևառաջ, պետք է ընդհանուր լեզու գտնենք մեր անմիջական հարևանների հետ, ինչպիսին էլ, որ լինեն փոխհարաբերությունները նրանց հետ, մյուս կողմից էլ հանդես գանք նախաձեռնողական քաղաքականությամբ, քանզի միայն այդ կերպ գործընկերներին կհասկացնենք, որ դրանից է բխում երկկողմ փոխշահավետ համագործակցությունը։ Այսօր մեր հայրենիքը վերելքի մեջ է։ Հայաստանում, ինչպես բոլոր երկրներում, կան շատ խնդիրներ, բայց մեր հայրենիքը միանշանակ վերելքի ճանապարհին է։ Մենք ոգևորված ենք Հայաստանով, հույս ունենք, որ կգա մի օր, երբ տեղի կունենա մեծ ներգաղթ, չեն լինի այլևս մտահոգություններ այն մասին, որ սփյուռքահայերը կարող են ուծացվել՝ կորցնելով իրենց ինքնությունը»,- ասաց Սարաֆյանը։

Հարցազրույցում անդրադարձել ենք նաև օրեր առաջ կայացած ՍԴՀԿ 23-րդ համագումարի աշխատանքներին, այն կարևոր հարցերի ու բանաձևերին, որոնք դարձել էին քննարկման առարկա վերոհիշյալ համագումարում։
