Հայաստանից ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37 900 տուփ ծխախոտ. ՊԵԿ-ի բացահայտումը
2 րոպեի ընթերցում

Օրերս Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օդային սահմանի անցման կետերի և էլեկտրոնային առևտրի օպերատիվ հսկողության բաժին տվյալներ էին ստացվել, որ Հայաստանում գրանցված տնտեսվարող սուբյեկտը պատրաստվում է մաքսային հսկողությունից թաքցնելու միջոցով, «Կարգո» բեռնային համալիրով, դեպի ԱՄՆ արտահանել խոշոր խմբաքանակի ծխախոտային արտադրանք։
ՊԵԿ-ը, իրացնելով օպերատիվ տվյալները՝ հսկողություն է սահմանել տնտեսվարող սուբյեկտի կողմից արտահանվող բեռների նկատմամբ։
«Իրականացվող հսկողության շրջանակում «Կարգո» բեռնային համալիրում մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ արտահանվող լամինատե դռները: Այդ դռներից յուրաքանչյուրի քաշը երկու անգամ ավելի մեծ էր, քան նույն նյութից պատրաստված սովորական դռներինը։ Մաքսային զննման ընթացքում կազմաքանդվել են արտահանվող բոլոր դռները: Արդյունքում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 37․900 տուփ առանց ակցիզային դրոշմանիշերի տարբեր երկրների արտադրության ծխախոտային արտադրանք»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։
Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը, և նյութերը փոխանցվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն։
ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին պահպանել մաքսային օրենսդրության պահանջները և զերծ մնալ մաքսային հսկողությունից ապրանքները տեղափոխելու փորձերից։