ԵՄ-ն հայտարարել է Սև ծովում նավագնացության անվտանգության հարցում Թուրքիայի և Հնդկաստանի հետ աշխատանքի մասին
1 րոպեի ընթերցում

Եվրամիությունը Թուրքիայի, Հնդկաստանի և այլ գործընկերների հետ աշխատանք է տանում Սև ծովում անվտանգ նավագնացության շուրջ համաձայնության հասնելու ուղղությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ։
«Ներկայում մենք աշխատում ենք միջազգային գործընկերների՝ Թուրքիայի, Հնդկաստանի և այլ երկրների, այդ թվում՝ պարենամթերք ներմուծող աֆրիկյան երկրների, ինչպես նաև «Գլոբալ Հարավի» հետ՝ Սև ծովում ազատ նավագնացության շուրջ համաձայնության առաջմղման նպատակով», - ասել է Կալասը, որի ելույթի տեսանյութը հրապարակել է Եվրախորհրդարանն իր YouTube-ի էջում։
Նա հավելել է, որ Սև ծովում նավագնացության հետ կապված պայմանավորվածությունը կօգներ պաշտպանել մարդկանց կյանքը և կարևոր մատակարարումները։ Կալասի խոսքով՝ նման առաջարկով հանդես է եկել Ուկրաինան, սակայն Մոսկվան մերժել է այդ նախաձեռնությունը։
«Այդ պատճառով դիվանագիտական ներգրավվածությունը պետք է կողք կողքի շարժվի Մոսկվայի վրա շարունակական ճնշման և Ուկրաինային աջակցության հետ», - նշել է նա։