Իրավունք

Կրիպտոարժույթների օգտագործումը դժվարացնում է թմրամիջոցների վաճառքից ստացված գումարների շահառուների բացահայտումը․ ՔԿ նախագահ

2 րոպեի ընթերցում

Կրիպտոարժույթների օգտագործումը դժվարացնում է թմրամիջոցների վաճառքից ստացված գումարների շահառուների բացահայտումը․ ՔԿ նախագահ

Թմրամիջոցների վաճառքից ստացված գումարների փոխարկումը կրիպտոարժույթների և կրիպտոդրամապանակների միջոցով դրանց շրջանառությունը դժվարացնում են հանցավոր շղթայի վերջնական շահառուներին բացահայտելու աշխատանքը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ պատասխանելով պատգամավոր Դավիթ Ղազինյանի հարցին։

Պատգամավորը կարևորել է թմրամիջոցների խոշոր մատակարարներին հայտնաբերելը՝ նշելով, որ պայքարը պետք է հասնի հանցավոր շղթայի հիմնական կազմակերպիչներին։

Պողոսյանն ի պատասխան ներկայացրել է գումարների շարժին հետևելու ընթացքում առաջացող դժվարությունները։ Նրա խոսքով՝ թմրամիջոցների իրացումից ստացված շահույթը փոխարկվում է կրիպտոարժույթների և շրջանառվում կրիպտոդրամապանակներով։

«Չենք կարողանում այդ գումարների հետագծելիությունը հասկանալ և պարզել՝ վերջնարդյունքում այդ գումարն ով կանխիկացրեց կամ ով վերածեց դրամի և տնօրինեց այդ գումարը, որովհետև, իմ կարծիքով, ամենակարևոր օղակն է։ Սա խնդիրներից մեկն եմ ասում ընդամենը»,- նշել է Պողոսյանը։

ՔԿ նախագահի խոսքով՝ նման դժվարությունների բախվում են նաև այլ երկրների իրավապահ մարմինները։ Նա հավելել է, որ որոշ անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացվում է փողերի լվացման համար, սակայն գումարների վերջնական տնօրինողին հայտնաբերելու խնդիրը պահպանվում է։

Պողոսյանն անդրադարձել է նաև «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների տարածմանը՝ նշելով, որ համապատասխան ալիքները վարող անձանց հայտնաբերելը բարդ է, թեև առանձին բացահայտումներ կան։

Նրա խոսքով՝ այդ խնդիրների լուծման ուղղությամբ պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև ծրագրային ապահովման առումով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում