Իրավունք

Փաստաբանները պնդում են, թե Արսեն Գևորգյանի համար բուժօգնության հասանելիություն չի ապահովվել, ՔԿԾ-ն հակադարձում է՝ ներկայացնելով ժամանակագրություն

5 րոպեի ընթերցում

Փաստաբանները պնդում են, թե Արսեն Գևորգյանի համար բուժօգնության հասանելիություն չի ապահովվել, ՔԿԾ-ն հակադարձում է՝ ներկայացնելով ժամանակագրություն

Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունն անդրադարձել է շրջանառվող խոսակցություններին, թե «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացած, Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին բժշկական օգնության հասանելիություն չի ապահովվել, իսկ բժիշկներին թույլ է տրվել քրեակատարողական հիմնարկ մուտք գործել այն պահին, երբ Արսեն Գևորգյանն արդեն մահացած է եղել։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փաստաբանական խումբը քիչ առաջ հայտարարություն էր տարածել՝ պնդելով, թե Արսեն Գևորգյանի ինքնազգացողությունն ակնհայտ վատացել է, ՔԿ հիմնարկի բժշկական անձնակազմից ոչ թե բժիշկ է նրան զննել, այլ բուժակ:

«Շտապօգնության կանչը չի տրվել առավել սեղմ ժամկետներում և անգամ դրանից հետո:

Բժշկի կողմից Արսեն Գևորգյանին բժշկական օգնություն չի ցուցաբերվել, դրա հասանելիությունը չի ապահովվել: Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո:

Բացահայտված հանգամանքները մարդու իրավունքների լուրջ խախտումների կասկածներ են առաջացնում և դրանք պետք է մանրակրկիտ, անկախ ու անաչառ քննության ենթարկվեն»,-ասված է փաստաբանների հայտարարության մեջ։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը՝ ի պատասխան փաստաբանների հայտարարության, հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Հաշվի առնելով հանրային շրջանակներում քննարկումները, ինչպես նաև անհարկի շահարկումները բացառելու համար՝ ստորև ներկայացնում ենք ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձ Արսեն Գևորգյանի խցի մոտ տեղադրված տեսախցիկների միջոցով 2026 թվականի նոյեմբերի 10-ի առավոտյան արձանագրված իրադարձությունների վերաբերյալ տվյալները՝ համապատասխան ժամանակագրությամբ։

1. Ժամը 07:37-ին ծառայողը մոտենում է համապատասխան խցին և զրուցում այնտեղ գտնվող անձի հետ մինչև ժամը 07:38-ը։

2. Ժամը 07:40-ին ծառայողը ևս մեկ անգամ մոտենում է խցին և զրուցում մինչև ժամը 07:41-ը։

3. Ժամը 07:42-ին բուժքույրը մոտենում է խցին։

4. Ժամը 07:43-ին ծառայողը բացում է խուցը, և բուժքույրը մուտք է գործում ներս։

5. Ժամը 07:45-ին բուժքույրը դուրս է գալիս խցից շտապօգնություն կանչելու գործընթացը կազմակերպելու նպատակով։

6. Ժամը 07:51-ին ծառայողը ևս մեկ անգամ բացում է խուցը, և բուժքույրը գտնվում է այնտեղ մինչև ժամը 07:58-ը։

7.Ժամը 08:10-ին շտապօգնության աշխատակիցները մոտենում են քրեակատարողական հիմնարկին։

8.Ժամը 08:13-ին շտապօգնության աշխատակիցները մուտք են գործում համապատասխան խուց։

9. Ժամը 08:23-ին անձին խցից դուրս են բերում պատգարակով։

10.Ժամը 08:27-ից մինչև 08:33-ը քրեակատարողական հիմնարկի միջանցքում պատգարակի վրա գտնվող անձին միացնում են էլեկտրասրտագրության սարքին, որի ընթացքում շտապօգնության բժշկի կողմից արձանագրվում է անձի կենսաբանական մահը»։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, 1980 թ. ծնված կալանավորված անձ (կալանքի սկիզբը՝ 21.10.2026 թ.) Արսեն Գևորգյանի ինքնազգացողության վատթարացման պատճառով հրավիրվել էր հերթապահ բուժակը, որը կալանավորված անձին ցուցաբերել էր առաջին բուժօգնությունը։ Ժամը 07։55-ի սահմաններում կանչվել էր շտապօգնություն, որի բուժանձնակազմը ժամը 08։30-ի սահմաններում արձանագրել էր Արսեն Գևորգյանի կենսաբանական մահը։ ՔԿԾ-ն նաև նշել էր, որ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չէր ներկայացրել։ 

Արսեն Գևորգյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին՝ Ստեփանավանի ավագանու ընտրություններից չորս օր առաջ։ Նույն օրը Հակակոռուպցիոն դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։ Վարույթի շրջանակում ընդհանուր առմամբ ձերբակալվել էր 14 անձ։

Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած մեղադրանքի համաձայն՝ Գևորգյանը մի քանի տասնյակ ընտրողի գումար էր տվել Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով։ Արսեն Գևորգյանը չէր ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում