Մոսկվայում մեքենա է պայթեցվել, որի հետևանքով տուժել է Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականը
1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի նախկին խորհրդական Սերգեյ Զավորոտնին, նախնական տվյալներով, տուժել է Մոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։
Նոյեմբերի 13-ին Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ Մոսկվայի Կիրովոգրադսկայա փողոցում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցել։ Հարուցվել է քրեական գործ։ Դեպքի վայր է մեկնել Մոսկվայի քննչական կոմիտեի քննչական խումբը։
«Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով տուժել է Սերգեյ Զավորոտնին», - հայտնել է գործակալության զրուցակիցը։
Զավորոտնին միջազգային հարցերով լրագրող է և Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի նախկին խորհրդականը։ Ազարովն Ուկրաինայի կառավարությունը ղեկավարել է 2010 թ. մարտի 11-ից մինչև 2014 թ. հունվարի 28-ը։
ՏԱՍՍ-ի հետ զրույցում Ազարովը հայտնել է, որ պարզում է միջադեպի հանգամանքները։
Նոյեմբերի 12-ի առավոտյան Սանկտ Պետերբուրգի Պուշկինի թաղամասում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել էր ռուսական բանակի գնդապետ։ Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել մեքենայի տակի հատվածում և գործի է դրվել հեռակառավարմամբ։ Հարուցվել է քրեական գործ։