Ջենսեն Հուանգը մտադիր է վերադառնալ Nvidia-ի գլխավոր տնօրենի պաշտոնին. FT
3 րոպեի ընթերցում

Ջենսեն Հուանգը դիտարկում է Nvidia-ի գլխավոր տնօրենի պաշտոնին վերադառնալու հնարավորությունը և այդ հարցը քննարկել է իր վստահելի անձանց հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նոյեմբերի 15-ին հաղորդել է Financial Times-ը՝ հղում անելով հարցին ծանոթ աղբյուրներին։
Հուանգի աջակիցներից մեկը FT-ին հայտնել է, որ իրենք Սիլիկոնյան հովտի ղեկավարներից կազմված «ճգնաժամային շտաբ» են ձևավորում՝ Nvidia-ի նախկին ղեկավարի վերադարձի օգտին լոբբինգ իրականացնելու նպատակով։ Նրանք մտադիր են նաև աջակցություն ստանալ Սպիտակ տնից։
«Տեխնոլոգիական ոլորտում, բացառությամբ առաջատար հետազոտական լաբորատորիաների, բոլոր կարևոր դերակատարները սիրում են Ջենսենին»,- ասել է աղբյուրը՝ հավելելով, որ այդ ջանքերն իրականացվում են Հուանգի աջակցությամբ։
Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նոյեմբերի 12-ին հրաժարական է տվել՝ կապված արտամուսնական սիրավեպերի շուրջ սկանդալի հետ։ Մասնավորապես պարզվել էր, որ նա կապի մեջ է եղել Սինգապուրում գործող Megaspeed ընկերության նախկին ղեկավար Ալիս Հուանգի հետ, ով, ըստ հրապարակումների, ԱՄՆ իշխանությունների հետաքննության համաձայն չինական հետախուզության գործակալ է։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ալիս Հուանգից բացի նա արտամուսնական կապի մեջ է եղել Nvidia ընկերության երկու աշխատակցի, այդ թվում և՝ ըներության փոխնախագահի հետ։
Արհեստական բանականության չիպերի արտադրությամբ զբաղվող Nvidia-ի բաժնետոմսերի արժեքը սկանդալային հաղորդագրությունների ֆոնին 10%-ով անկում են ապրել։
Նոյեմբերի 8-ին՝ աշխատակիցներին ուղղված նամակում Հուանգը խոստովանել էր, որ դավաճանել է կնոջը՝ հայտարարելով, որ «ամբողջությամբ պատասխանատվություն է ստանձնում» իր արարքի համար, սակայն որևէ այլ տեղեկություն չի ներկայացրել այդ հարաբերությունների վերաբերյալ։ «Իմ արարքները ցավ են պատճառել նրան և մեր երեխաներին։ Իմ արածի համար արդարացում չկա։ Ես խորապես ցավում եմ»,- նշել էր նա։
Ավելի քան երեք տասնամյակ Nvidia-ն ղեկավարող Հուանգը առանցքային դեր է ունեցել ընկերության՝ արհեստական բանականության չիպերի առաջատար մատակարարներից մեկը դառնալու գործում։
Nvidia-ի տնօրենների խորհուրդը հետաքննություն է սկսել՝ պարզելու, թե արդյոք ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը դարձել է օտարերկրյա հետախուզական ծառայությունների թիրախ, թե ոչ։ Հուանգը պատրաստակամություն է հայտնել աջակցել հետաքննությանը։